ԱՄՆ-ի Քնի բժշկության ակադեմիան (American Academy of Sleep Medicine) հայտնաբերել է գենետիկական մուտացիա, որը նվազեցնում է մարդու քնի պահանջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», այս մասին հաղորդել Է Sleep բժշկական հանդեսը:
Համարվում է, որ բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ է առնվազն ութ ժամանոց քուն: Գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ կարող են քունն առնել ընդամենը հինգ ժամում, ըստ որում` օրվա ընթացքում պահպանելով արդյունավետության և ուշադրության կենտրոնացման անհրաժեշտ մակարդակը: Պարզվել է, որ դա կապված է BHLHE41 գենում կետային մուտացայի հետ:
Այս հարցի ուսումնասիրման համար գիտնականները հետազոտել են հարյուր զույգ միասեռ երկվորյակների: Գիտափորձի ընթացքում մասնակիցներին մասնակիորեն կամ լիովին զրկել են քնից: Պարզվել է, որ հետազոտվող մարդկանցից մեկը BHLHE41 գենում ունի ավելի վաղ չհայտնաբարված մուտացիա, որը նրան թույլ է տալիս ավելի հեշտ տանել քնից զրկումը և օրական քնել հինգ ժամ՝ առանց առողջությանը վնասելու: Նրա երկվորյակ եղբայրը, ում մոտ չի եղել այդ մուտացիան, քունն առել է սոսկ 7 ժամում:
Գիտնականների կարծիքով՝ այս գենետիկական մուտացիայի տերերն ունեն դանդաղ քնի ավելի երկար փուլ, որի ժամանակ ուղեղը վերականգնում է իր աշխատունակությունը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: