Երեկ համացանցում տարածում գտավ դերասան Սոս Ջանիբեկյանի լուսանկարը, որում նա հիվանդանոցում է: Շատերին անհանգստացրեց հարցը, թե ի՞նչ է պատահել Սոս Ջանիբեկյանին: ESem.am-ի հետ զրույցում Սոսը հայտնեց, որ լուսանկարն արվել է նկարահանման հրապարակում: Դերասանն այժմ նկարահանվում է կատակերգական նոր ֆիլմում, որի մանրամասներն առաջինը ESem.am-ին է հայտնել:)
Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի ֆիլմում Սոսը մարմնավորում է գլխավոր հերոսին: Սցենարի հեղինակն Աշոտ Աբրահամյանն է: «Ֆիլմը հետաքրքիր սցենարային կառուցվածք ունի: Հուրախություն ինձ՝ մարմնավորելու եմ գլխավոր հերոսին, ով ոչ պաթոսի մեջ է, ոչ էլ տնազի, քանի որ մեր այսօրվա կատակերգությունների մեծ մասը հիմնված են կամ չափազանցված պաթոսի, կամ էլ ինչ-որ մեկի տնազի վրա: Այս դեպքում հումորը դրությունների մեջ է: Խաղընկերներս շատ վառ, գունավոր կերպարներ են կերտել, նրանցից մեկը Հովհաննես Ազոյանն է, մյուսը՝ Վահագն Գալստյանը»,- պատմեց դերասանը:
Սոսը նշեց, որ ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, որտեղ կա հումոր, սեր, մարդկային ջերմ փոխհարաբերություն: «Այս ֆիլմում Հովհաննես Ազոյանը հակահերոսն է: Կարծում եմ՝ հասարակությանը շատ հետաքրքիր կլինի Հովհաննեսին տեսնել այս կերպարում»,- ասաց նա:
Այս փուլում Սոսը նկարահանվում է նաև մեկ այլ կատակերգությունում: Ռեժիսոր Արշալույս Հարությունյանը նկարահանում է «Սկոտչ և վիսկի» ներկայացման ֆիլմային տարբերակը, որտեղ ևս Սոսը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին:
Հաջողություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը