Վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանը համոզված է, որ կյանքում պատահականություններ չեն լինում: Մանկավարժական համալսարանի նկարչական բաժինն ավարտած, այնուհետև տևական ժամանակ որպես կոնստրուկտոր աշխատած արվեստագետի համար տիկնիկային թատրոն ընդունվելը ճակատագրական եղավ:


«Իմ առաջին աշխատանքը, որ արել եմ Տիկնիկային թատրոնում, 1988 թվականին էր: 1986-ին ընդունվեցի Տիկնիկային թատրոն, և դա ինձ այնպես կլանեց, որ ես փափագում էի ներկայացում անել, մտածում էի՝ ինձ կվստահե՞ն, թե՞ ոչ: Սա Տիկնիկային թատրոնում իմ դեբյուտն էր: Սա թագավորն է՝ «Դում-դում իմաստունը և անգետները» ներկայացումից: 1988 թ. շահեց առաջին մրցանակը՝ որպես լավագույն երիտասարդ նկարչի ձևավորում»,-«Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի գլխավոր նկարիչ Անժելա

Գալստյանը:

 

Վաստակավոր նկարիչը խոստովանում է՝ չսիրած ներկայացում չունի, բայց Փոքրիկ իշխանի տիկնիկն իր ամենասիրելին է: «Այն մի այլ պատմություն է: Էքզյուպերիի գործը կարելի է համարել մի գիրք, որը պետք է լինի քո սեղանին:Մեր կյանքի ընթացքում մենք նրա ասածներն անընդհատ հիշում ենք և տեղին մեջբերում: Իմ Փոքրիկ իշխանին ինքս քանդակեցի երկար որոնումներից հետո, փորձեցի ստանալ նրա ժպիտը, աչքերի խորությունը, ինչպես տիեզերքում իր մոլորակն է տպավորված աչքերի մեջ: Շատ տանջվեցի այս տիկնիկի ստեղծման վրա, չարչարեց ինձ, բայց սիրվեց բոլորի՝ հանդիսատեսի կողմից»,- նշեց նա:

 

Անժելա Գալստյանն այժմ նոր ներկայացման վրա է աշխատում: Պատրաստվում է բեմադրել Գոգոլի «Վիյը», որը նախատեսված է ոչ թե երեխաների, այլ մեծահասակների համար: «Մեր թատրոնում վաղուց ի վեր կան  նաև ներկայացումներ մեծահասակների համար: Ես Նարինե Գրիգորյանի հետ արել եմ «Թռիչք՝ քաղաքի վրայով» ներկայացումը»,-եզրափակեց Անժելա Գալստյանը:

 

Ռոզա Գրիգորյան և Անահիտ Մինասյան