Այս տարի հուլիսի 27-ին Գառնու տաճարի և Գեղարդի վանքի տարածքում առաջին անգամ տեղի կունենա Վարդավառի միջազգային երիտասարդական փառատոնը: Հայաստանը զբոսաշրջիկներին ավելի գրավիչ դարձնելու նպատակով այս փառատոնը կդառնա յուրօրինակ կամուրջ մեր ներկայի ու անցյալի միջև: Այս մասին հուլիսի 22 լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի մտահղացման հեղինակներից մեկը՝ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:
«Վարդավառի տոնը այն եզակի տոներից է, որը հայերի համար շատ բնութագրական է և ունի ազգային հիմք, որը կարող է գրավել զբոսաշրջիկներին ու սփյուռքահայերին՝ դարձնելով այն համազգային տոն», - ասաց Ատոմ Մխիթարյանը: Նա նաև հավելեց, որ մի շարք պետական, երիտասարդական և միջազգային կառույցների համագործակցության արդյունքում փառատոնին մասնակցելու են մոտ120 երիտասարդ ավելի քան 20 երկրից, ովքեր այդ օրերին տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում կհյուրնկալվեն Հայաստանում, ինչպես նաև՝ համահայկական տարբեր ծրագրերով Հայաստանում ներկա գտնվող սփյուռքի երիտասարդները:
«Վարդավառ» միջազգային երիտասարդական փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանի խոսքով, տոնը բացվելու է Գեղարդի վանքում տեղի ունեցող Տիրոջ Պայծառակերպության նվիրված Սուրբ Պատարագով, որի ընթացքում պատարագիչը ջուր կցողի գավթում հավաքված հավատացյալների վրա: Պատարագից հետո Գեղարդի վանքի տարածքում ծրագրվում է Նոյյան պատմության ու Քրիստոսի պայծառակերպության ներկայացում, ինչպես նաև տեղի կունենա երիտասարդների և մատաղի օրհնություն:
«Գառնու տաճարի տարածքում կգործեն Հայաստանի մարզերի մշակույթն ու ավանդույթները ներկայացնող տաղավարներ, ելույթ կունենան ազգային երգի և պարի համույթներ: Տոնը կավարտվի Վարդավառի բեմադրությամբ: «Ակունք» ազգագրական համույթը, երաժիշտները և դերասանները կներկայացնեն մինչև մեր օրերը հասած, սակայն շատերին անծանոթ Վարդավառի տոնի հինավուրց ավանդույթները», - հավելեց Հայասա Թահմազյանը:
Լրագրողների հետ հանդիպանը նաև ներկա էր Կոտայքի մարզպետի խորհրդական Կարեն Պապոյանը, ով հայտնեց, որ փառատոնին ներկա գտնվելու ցանկություն ունեցող քաղաքացիներին նույն օրը Երևանի Շահումյան հրապարակից և Մատենադարանի մոտակայքից, ինչպես նաև Կոտայքի մարզի մեծ քաղաքներից կսպասարկեն հատուկ նախատսված ավտոբուսները:
Վարդավառի տոնի պատմությունը գալիս է հեթանոսական ժամանակաշրջանից, երբ տոնվում էր սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի տոնը: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և նշվում է Սուրբ Զատկի տոնից 98 օր հետո: