Ռեժիսոր Հարություն Շատյանը նոր ֆիլմ է նկարահանել, որի գլխավոր հերոսները տաքսու վարորդներ են, որոնք խոսում են իրենց անցած կյանքի և ապագայի մասին: «Ճանապարհի փիլիսոփաները» կինոնկարի գլխավոր հերոսը բջջային հեռախոսի շնորհիվ հանդիսատեսին դարձնում է տաքսու ուղևոր, որը լսում է տարբեր մարդկանց յուրահատուկ պատմությունները: Ֆիլմն այս տարի ընդգրկված է Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր.վավ երագրական» մրցույթում:
««Ճանապարհի փիլիսոփաները» նկարահանել եմ թաքնված խցիկով: Իմ հերոսները տեղյակ չեն եղել, որ իրենց նկարահանում են: Շատ երկար է տևել ֆիլմի նկարահանումը: Մեզ համար շատ կարևոր է, որ այս ֆիլմը դիտեն Հայաստանում, և այդ առումով ես շատ եմ սիրում և կարևորում «Ոսկե ծիրան» փառատոնը: Ֆիլմը 2-3 անգամ փոփոխել ենք, հիմա էլ նայեմ, փոխելու բան կունենամ, սակայն ավելի լավ է սկսել մեկ այլ ֆիլմ նկարահանել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Շատյանը:
Ռեժիսորի կարծիքով՝ տաքսիստներին շատ բան հարցնել պետք չէ, որ անցնեն մի թեմայից մյուսին: «Նրանք կարող են լինել շատ լավ հոգեբաններ, թեև հինգ րոպեից մոռանալու են քո մասին, ավելի շատ քեզ հետ կկիսվեն, քան իրենց ամենահարազատ մարդու հետ: Տաքսիստները մաքսիմալ անկեղծ էին, որովհետև չգիտեին, որ իրենց նկարահանում են: Ֆիլմի որոշ մասերում կան հայերեն ենթագրեր, քանի որ որոշ հատվածներում նրանց ձայնը չի լսվում»,-նշեց ռեժիսորը:
Շատյանի խոսքով՝ Հայաստանում ֆիլմի համար թեմա շատ հեշտ է գտնել, և ռեժիսորը գուցե նոր ֆիլմով ներկայանա հանրությանը:
«Ճանապարհի փիլիսոփաները» ֆիլմի հերոսները տեսնում են ամեն ինչ դիմապակու հետևից։ Բջջային հեռախոսի նկարահանման շնորհիվ, հանդիսատեսն ինքը դառնում է ուղևոր և լսում վարորդների մտավախություններն ու պատմությունները: Նրանք են մեր փիլիսոփաները, որ իրենց աշխարհընկալմամբ, կյանքի և դեպքերի վերլուծություններով կարծես չեն զիջում հանրահայտ փիլիսոփաներին: Բայց ֆիլմում ներկայացվում է նաև մի ուրիշ կյանք, կան նաև ուրիշ կերպարներ:
Էկրանից մատուցվում է այն ամենը, ինչ կարող է հանդիպել հային Երևանում, Հայաստանում և այլ երկրներում։ Հանդիսատեսը կհանդիպի նաև իրեն ծանոթ կերպարների՝ Հայաստանի գյուղերում և Հայաստանից դուրս: Ֆիլմն ամրագրում է փաստեր, թե ինչպես են մարդիկ ապրում ու մտածում մի երկրում, որտեղ շատ բաներ անհասկանալի են` «քերծված ասֆալտից մինչև թանկացող գազ», «շարքային ծեծկռտուքից մինչև մանկապարտեզի հանդես»:
Հարություն Շատյանը ծնվել է 1985-ին Երևանում: Զինծառայությունից հետո 2006-ին ընդունվել է ԵԹԿՊԻ-ի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժին: Սովորելու տարիներին նկարահանել է մի քանի կարճամետրաժներ` որպես կուրսային աշխատանքներ: «Բեռնելով կյանքս» ֆիլմը, որն արժանացել է մի շարք մրցանակների, նրա դիպլոմային աշխատանքն է: