Օրեր առաջ համացանցում հայտնվել էր հայազգի հայտնի պարուհի, մերկապարի վարպետ Վարդայի հերթական կատարումը: Սակայն այս անգամ հետաքրքրականն այնքան արհեստավարժ պարուհու կատարումը չէր, որքան այն հանգամանքը, որ նա ընտրել էր երգչուհի Սիլվա Հակոբյանի երգերից մեկը:
«Գիշեր է» երգը, որը տարիներ առաջ մեծ հաջողություն և հայտնիություն բերեց Սիլվային, բոլորովին այլ կերպ էր հնչում Վարդայի պարի ուղեկցությամբ և մեզ հետաքրքրեց, թե այս մասին ինչ կարծիքի է անձամբ սիրված երգչուհին՝ հաշվի առնելով, որ նա բավականին ավանդապահ հայկական ընտանիքի դուստր է:
Երգչուհին չմերժեց և այս կերպ մեկնաբանեց. «Իհարկե, տեսել էի, ընկերներիցս մեկն ուղարկել էր տեսանյութի ինստագրամյան հղումը: Հաճելիորեն զարմացա. հետաքրքիր պարային մոտեցում էր: Ճիշտ է` անձամբ ծանոթ չեմ նրա հետ, սակայն տեղյակ էի նրանից ու միանգամայն նորմալ եմ վերաբերում նրա ծավալած գործունեությանը: Այս դեպքում էլ որևէ վիրավորական և իմ արվեստին վիրավորող, վնասող բան չեմ տեսնում, այլապես կարձագանքեի:
Ասեմ նաև, որ ընտանիքիս անդամներն էլ են տեսել այն, տեղյակ են տեսանյութից, ու նրանք նույնպես նորմալ են ընդունել և վերաբերում այս ամենին:
Եթե նա իսկապես հանդես գա իմ կատարման ներքո, ապա կարծում եմ՝ սա ևս մեկ առիթ է իմ երգը ռուսական շուկայում հնչեցնելու համար (ժպտում է)»:
Հետաքրքրվեց Անի Քոչարյանը