Dasaran.am-ը հունիսի 21-26-ն ընկած ժամանակահատվածում Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում մասնակցել է «EuroScience2014 (ESOF 2014)» համաժողով-փառատոնին՝ արժանանալով «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին: Եվրոպայի ամենամեծ և հեղինակավոր գիտական համաժողովներից մեկը հանդիսացող այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և իր տանիքի ներքո է ժողովում տեխնոլոգիայի և կրթության ոլորտների բոլոր ռահվիրա ընկերություններին: Այս տարվա ESOF 2014-ին մասնակցել են 75 երկրի շուրջ 4500 պատվիրակներ, այդ թվում նաև Նոբելյան վեց մրցանակակիրներ:
Մասնակիցները ներկայացրել են ընկերությունների և հաստատությունների բազմատարր աստղաբույլ, սկսած ԱՄՆ «Սիլիկոնային հավտի» տեխնոլոգիական ընկերություններից և վերջացրած «Ուսում խաղի միջոցով» նշանաբանով աշխատող դանիացի փորձագետներից:
«Ընդհանուր առմամբ՝ Dasaran.am-ի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր: Մենք այն ներկայացրինք մեր միջազգային գործընկերներին: Համագործակցության նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Բելառուսի Գոմել քաղաքի պետական բժշակական համալսարանի հետ: Իրենք համագործակցության առաջարկ են արել մեզ»,- «Արմենպրես»- ի հետ զրույցում նշեց Dasaran.am-ի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը:
«EuroScience2014 (ESOF 2014)» միջոցառման հիմնական նպատակն էր իրական ժամանակում տեղի ունեցող խմբային քննարկումների միջոցով խորհրդածել կրթության ոլորտի ներկայիս հարացույցի, այսինքն՝ տեսական հիմքերի և ուսման նորագույն լուծումների մասին: Համաժողով-փառատոնի հիմնական թեմաներն էին կրթության վերապատկերացումները, թվայնացման դարում կրթության և գիտության խնդիրները, գիտության ներսում միջոլորտային, ինչպես նաև գիտության ու հասարակության միջև «կամուրջների» ստեղծումը:
Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է հունիսի 22-ին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Համաժողովին ներկայացրած իր ելույթում Dasaran.am-ի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը մասնավորապես նշել է. «Dasaran.am-ի նախաձեռնության առաջնային փիլիսոփայությունը հիմնված է այն ակնհայտ ճշմարտության վրա, ըստ որի՝ երիտասարդությանը զորակցելուն ուղղված կրթությունը հանդիսանում է ժամանակակից հասարակությունը վերափոխելու ամենահզոր և կենսական գործիքը»:
Կոպենհագենում գտնվելու ընթացքում Ս.Ալոյանն ու իր թիմը հանդիպումներ են ունեցել նաև գիտակրթական ոլորտում գործունեություն իրականացնող եվրոպական մի շարք հաստատությունների ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ կրթության որակի բարելավման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության հեռանկարները:
Dasaran.am կրթական ծրագիրը 2009 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանումկրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկգնահատման և վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ծրագիրը գործում է ՀՀ բոլորդպրոցներում` ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ապրիլի 18-ից ծրագրին են միացել նաևԱրցախի դպրոցները: