Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է գալիս եզակի համերգով: Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը երկարատև բացակայությունից հետո ելույթ կունենա Հայաստանում: Անվանի դիրիժորն իր ծննդյան 50-րդ հոբելյանը կտոնի հայրենիքում՝ յուրահատուկ համերգային երեկոյով: «Սպասված վերադարձ» խորագրով հոբելյանական համերգը տեղի կունենա հունիսի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին կմասնակցի Կամերային նվագախումբը, որի նախաձեռնությամբ և հրավերով էլ հենց դիրիժորը եկել է հայրենիք: Երեկոյի ընթացքում ունկնդիրը կվայելի Չայկովսկի, Միրզոյան, Կոմիտաս-Ասլամազյան:

 

Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը համերգին ընդառաջ՝ հունիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ շատ ուրախ է վերադառնալ Հայաստան: «Երբեք չէի ղեկավարել Կամերային նվագախումբը, Ֆիլհարմոնիկի հետ եմ հանդես եկել, որը կարծես իմ նվագախումբն էր: Մոտ 12-13 տարի այստեղ չեմ եղել, մեծ հաճույք է վերադառնալ և անել մի ծրագիր, որն ինձ շատ է դուր գալիս: Հուսամ, բոլորին կհետաքրքրի: Շատ կցանկանայի, որ երիտասարդները գային և ունկնդրեին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Փեհլիվանյանը:

 

Խոսելով իր երկարամյա բացակայության մասին՝ Փեհլիվանյանը նշեց, որ ինքն իրեն երբեք չի սիրել ցուցադրել, և ուր հրավիրել են, այնտեղ էլ գնացել է: «Եթե ինձ չհրավիրեն, չեմ գնա: Մոտ 15 տարի սպասեցի, հրավեր չկար, ավելի շուտ կգայի: Հիշում եմ, որ այստեղ շատ ջերմ, սրտիս շատ մոտ հանդիսատես է: Մեկ այլ երկիր էլ կա, որտեղ մեծ սրտով են ընդունում, Իսրայելը: Ամեն տարի գնում եմ և ելույթներ ունենում Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ: Իսրայելցի և հայ ունկնդրի միջև գրեթե տարբերություն չկա: Ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել այսօրվա հանդիսատեսին»,-նշեց Ջորջ Փեհլիվանյանը:

 

Փեհլիվանյանը հասցրել է արդեն փորձ անել նվագախմբի երաժիշտների հետ: Դիրիժորի կարծիքով՝ կամերային նվագախմբի երաժիշտները շատ լավ են նվագում: Նա Երևան է եկել երեկ երեկոյան: Տպավորված է հայկական օդանավակայանով:

 

«Չճանաչեցի օդանավակայանը, այս անգամ երբ տեսա, որ միջազգային մակարդակի է, մտածեցի Երևանում չեմ, այլ եվրոպական երկրներից մեկում եմ: Զարմացա և հիացա»,-փաստեց նա:

 

Անվանի դիրիժորն իր հետ Հայաստան է բերել որդուն: «Նրա հետ հայերեն եմ խոսում, ինչպես և դստերս հետ: Կարևորը հայի հոգին ողջ պահելն է հայոց լեզվի միջոցով: Եթե չկարողանան հայերեն խոսել, ինչ-որ բան կպակասի, դրա համար իրենց հետ հայերեն եմ խոսել մանկուց: Մեր մշակույթն առանց լեզվի չի ստացվի»,-նշեց դիրիժորը:

 

50-ամյա դիրիժորը չի զգում իր տարիքը: Հայաստանից, որպես նվեր, կցանկանար տանել հանդիսատեսի ջերմ սրտերը:

Ամերիկահայ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանն ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանները՝ ստանալով ջութակահարի և դիրիժորի վկայականներ: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «ՊրոՄյուզիք» նվագախմբի կոնցերտմայստեր: 1991թ. սեպտեմբերին մասնակցել է Բեզանսոնի (Ֆրանսիա) դիրիժորներ ի միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Ֆրանսիական «Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր նրա մասին մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետևել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»: