Ստեփանակերտի «Սոֆիա» կենտրոնի կինոսրահում տեղի է ունեցել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Արցախյան պատերազմին մասնակից երեք ընկերների մասին։ Պրեմիերային մասնակցել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ասել է, որ Արցախում կամ Հայաստանում ֆիլմ ստեղծելը շատ դժվար է, բայց ֆիլմը իսկապես հաջողվել է։ «Ես իմ ֆիլմով պատմում եմ ոչ միայն Ղարաբաղի, այլև պարզապես մարդու մասին, նրա հոգեկան ապրումների ու վիճակի մասին։ Ֆիլմի հերոսներին կարելի է փնտրել իրական կյանքում։ «Թևանիկ» ֆիլմի միջոցով ես ուզում էի պատմել պատերազմական ժամանակների ու մարդկանց ճակատագրերի և խաղաղության մասին»,- նշել է երիտասարդ ռեժիսորը։
«Թևանիկն» առաջին անգամ ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնին, արժանացել հայտնի պրոդյուսերների, կինոռեժիսորների համակրանքին: Ֆիլմի հիմնական լեզուն Արցախի բարբառն է։