Մենք միշտ էլ չենք հասցնում ամռանն ինչ-ինչ բաներ անել: Դե, ինքդ էլ Գիտես` նիհարել 5 կԳ, կարդալ անտիկ դարաշրջանի գրականություն, դիտել «Փախուստ բանտից» ֆիլմի վերջին սերիան,գրապահարանի գրքերը դասավորել ըստ այբբենական կարգի և դեն նետել Նանայի ձայներիզները: Հիշի´ր, քանի՞ անգամ ես ասել, որ հենց ամառը գա ու ազատ լինես, կանես այս ամենը: Բայց… արդեն ամառ է: Եվ… փռվել ես բազմոցին, հաշվում ես սենյակիդ պաստառի գծերն ու ամբողջ ձայնով երգում` «Տե´ս, ցնորվել եմ ես կարծես…»: Ա՜յ քեզ ամառ:

Ազատ ժամանակ շատ ունես, հասցրու այդ ամենը կամ հետաձգիր ևս մեկ տարով:

 

 

օր. Լեռների երկիր Հայաստանում էլ կարելի է ծաղկաշատ ու բուսառատ վայր գտնել (դեռ ամենը չէ, որ ավերել են): Պառկիր մարգագետնի մեջտեղում, բերանդ խոտի ծվեն դիր (ինչպես հայտնի ֆիլմերում) և նայիր երկնքին ու կրկին հիշիր ֆիլմից` «Ի՜նչ կապույտ երկինք է»: Լավ է, չէ՞:

օր. Առավոտյան 6-ին արթնանալը և ընկերներով  «վազքի մարաթոն» կազմակերպելը շատ օգտակար ու տպավորիչ է: Այս ամենից հետո կարելի է ցնցուղ ընդունել, լավ հանգստանալ և երեկոյան զբոսանքի դուրս Գալ:

օր. Մի օր բնության գրկում անցկացնելն օգտագործիր նաև հետագա օրերի համար: Եթե որոշել եք լճափին հանգստանալ, խխունջներ, գեղեցիկ քարեր ու ծառի չոր ճյուղեր հավաքիր: Այս ամենից կարելի է գեղեցիկ կոմպոզիցիա պատրաստել, որը քեզ ձմռան ցրտին կհիշեցնի ամռան ջերմ և ուրախ օրերը:

օր. Ներկիր դարպասը և դիտմամբ ամբողջությամբ ներկոտվիր (ինչպես «Հայերի» «Ձեզ համար» տեսահոլովակում): Գուցե վերջում այնպես ստացվի, որ կամ ձեր դարպասը դառնա բակի զարդը, կամ էլ` պապիկդ ամոթից տանից դուրս չգա:

օր. Անցիր քո քաղաքի բոլոր կամուրջներով: Հավանաբար դրանք այնքան էլ շատ չեն (Երևանում` Կիևյան, Դավիթաշենի, Հաղթանակի և Լամբադա): Ամեն կամրջի վրա մի երազանք պահիր:

օր. Տարվա մեջ գոնե մեկ անգամ ընկերների հետ կարելի է ողջ գիշերը զբոսնել քաղաքով. մայրամուտից արևածագ… Ուր ճանապարհը կտանի` բակերով, կենտրոնական փողոցներով, դատարկ այգիներով ու գիշերն աշխատող ակումբներով: Եթե մայրդ 5 րոպեն մեկ չզանգահարի, ապա առավոտյան տուն մտնելուն պես նրան արթուն, ավելի ճիշտ` չքնած կտեսնես:

օր. Հեծանիվներ վարձեք կամ ծանոթներից վերցրեք ու ընկերներով զբոսանքի դուրս եկեք: Բայքերների նոր, երիտասարդական տարբերակը` հեծանիվներով, քո հեղինակային գաղափարը կլինի:

օր. Պիկնիկի օր է: Սակայն ոչ ամառանոցում` խորովածով ու տոմատի հյութով, այլ պարզապես Հրազդանի կիրճում` զամբյուղով, մեկանգամյա օգտագործման ափսեներով, նոր քամած հյութով, հայկական ավանդական բրդուճներով: Միայն թե բոլորդ միասին իջեք կիրճ. ճանապարհին կարող են «հետաքրքիր» դեպքեր պատահել:

օր. Մեկ օրով կարելի է Գյումրի գնալ: Քեզ հարկավոր է ընդամենը մի քանի հազար դրամ` ճանապարհածախսի համար: Փոխարենը` կարող ես անփոխարինելի ու աննկարագրելի տպավորություններ ստանալ այդ գեղեցիկ ու կոլորիտային քաղաքից: Չմոռանաս այցելել նաև պարուհի Հերմինեին: Եթե հիշում ես, մենք նրան անրադարձել էինք մեր 9-րդ համարում:

10 օր. Ինչպիսի՞ն են լինում օրագրերը: Գրում ես տվյալ օրվա ամենատպավորիչ ու կարևոր իրադարձությունը: Բայց կարելի է դուրս գալ նեղ շրջանակներից: Այդ ամենը կարելի է լուսանկարներով անել, իսկ ամռան ավարտին գեղեցիկ ալբոմ կունենաս: Այսպես ավելի հեշտ կլինի նոր ծանոթությունները մտապահելը:

11 օր. Վստահ եմ, որ կան երգեր, որոնք բնորոշում ես հենց այսպես. «Սա ամռան իմ երգն է»: Հենց այդ երգերից հավաքածու կազմիր, ձայնագրիր CD-ների վրա, գեղեցիկ շապիկ նկարիր ու բոլոր ընկերներիդ ու մեկական օրինակ նվիրիր ամառային միջոցառումներիդ մասնակցած մարդկանց:

12 օր. Աջ ձեռքիդ տակ մորիով, իսկ ձախ ձեռքիդ տակ` ելակով լի դույլ դիր: Պառկիր դրանց մեջտեղն ու երկու ձեռքով հատապտուղներ կեր:

13 օր. Առողջ սննդի շաբաթ է: Այսօրվանից սկսած 7 օրվա ընթացում սնվիր միայն սիրածդ բանջարեղեններով, մրգերով ու ըմպիր հյութեր, բայց` բնական: Օրգանիզմդ կհանգստանա ու կմաքրվի:

14 օր. Դեն նետիր տան բոլոր անպետք իրերը, մաքրիր փոշոտ նկուղն ու ինքնուրույն թափ տուր գորգերը: Այս ամենն արա հաճույքով և ինչու ոչ` ցուցադրաբար, որ քույրդ այլևս խոսելու տեղ չունենա:

15 օր. Թրջվիր անձրևի տակ, ոտաբոբիկ քայլիր քաղաքով ու չորացիր «Մոսկվա» կինոթատրոնի զուգարանի չորացուցիչով:

16 օր. Կարևոր չէ` այսօր Վարդավառ է, թե` պարզապես ամռան մի շատ սովորական օր: Միևնույն է, ընկերներով water party կազմակերպեք և ռետինե խողովակներով ջրեք իրար: Մի խոսքով` կեցցե՜ խենթ ամառը:

17 օր. Այսօր ճաշակիդ վրա աշխատելու օրն է: Սկսիր ըստ հերթականության: Նախ` համակարգչիդ միջից ջնջիր Սյուզիի երգերը, ինտերնետից քաշիր Դալիի նկարները և գնիր VOGUE ամսագրի նոր համարը:

18 օր. Թանգարանների օր է: Այցելի´ր Մատենադարան, Պատմության կամ Էրեբունի թանգարան: Նշումների համար հետդ նոթատետր վերցրու: Իսկ ընթացքում ուշադրությամբ հետևիր յուրաքանչյուր մանրուքի:

19 օր. Սովորիր, եթե դեռ չգիտես` լողալ, անվաչմուշկներ, հեծանիվ վարել կամ թղթե նավակներ պատրաստել: Գուցե արդեն «տարիքդ առել ես», այնուամենայնիվ, ինքդ քեզ մի´ խանգարիր անհոգ լինել:

20 օր. Զանգահարիր մանկության, դպրոցի կամ դաշնամուրի, կարատեի խմբակի ընկերներիդ ու հրավիրիր բակ` խաղալու: Բակային խաղերի տոնը հենց այսօր է: Հիշեք մանկությունը «բադերն ու որսորդի», «կլասի», «պարանի» կամ «7 քարի» միջոցով:

21 օր. Բարձրացիր ձեր տան կամ շենքի տանիք: Այստեղից հետևիր բակին, քաղաքին ու մարդկանց: Բոլորին` վերևից... Մեծամիտ, բայց շքեղ է հնչում բոլորին վերևից նայելը:

22 օր. Այցելիր կենդանաբանական այգի: Իմ կողմից էլ կողջունես հովազին: Միայն թե այնպես, որ աշխատակիցները չնկատեն:

23 օր. Վերջին անգամ ե՞րբ ես մանկապարտեզում եղել: Հա´, գիտեմ, որ մանկապարտեզային տարիքում չես: Բայց... այսօր կարելի է մանկապարտեզ գնալ, ավազների հետ խաղալ, սահարաններով սահել: Մանկապարտեզի պահակին էլ կորժիկ կտանես:

24 օր. Մեքենա լվանալով կարելի է գումար վաստակել: Իսկ հաճախորդներդ կարող են լինել հայրդ, քեռիդ, ավագ եղբայրդ ու երիտասարդ, գրավիչ դասախոսներդ:

25 օր. Այսօր ռոքի օր է: Հագնվիր խելագար ու ինքնամոռաց ռոքերների պես ու հայտնվիր Երևանի որևէ ռոք-ակումբում: Միայն թե չմոռանաս փոխել հեռախոսիդ զանգը: Դժվար թե այնտեղ հավանեն Փուսիքեթ Դոլսի երգերը:

26 օր. Առանց ավելորդ ձևավորման ծաղիկներ գնիր (կամ հավաքիր, եթե կա հնարավորություն), ինքդ քո ճաշակով ծաղկային կոմպոզիցիա հավաքիր և նվիրիր մայրիկիդ, տատիկիդ կամ ընկերուհիներիդ:

27 օր. Զանգահարիր հեռուստաընկերությունների հեռախոսահամարներով և պարզիր` ինչպես կարելի է հայտնվել հեռուստաշոուներում` բնականաբար, հյուրի կարգավիճակով: Քեզ անպայման կօգնեն, իսկ դու շուտով հեռուստաաստղ կդառնաս:

28 օր. Քաղաքի կենտրոնական մասերում միշտ էլ կարճ տաբատներով, գունավոր շապիկներով, բաց գույնի մազերով ու ուսապարկերով մարդկանց կտեսնես: Նրանք հաստատ զբոսաշրջիկներ են: Իսկ դու այսօր նրանց գիդն ես: Ահա այստեղ պետք կգա օտար լեզվի, թեկուզ և ոչ լավ, իմացությունդ: Ծանոթացիր նրանց հետ և առաջարկիր քո ծառայությունները. ծանոթացրու նրանց մեր քաղաքի տեսարժան վայրերին: Հնարավոր է նաև վարձատրվես կամ մի հետաքրքիր նվեր ստանաս:

29 օր. Հիշո՞ւմ ես, ձմեռվանից գումար էիր խնայում: Այսօր այն օրն է, երբ պետք է գնես երազածդ իրը:

30 օր. Այսքան մեծ իրարանցումից ու խառնաշփոթից հետո կարելի է հանգստանալ: Մնա տանն ու նայիր բոլոր երաժշտական հաղորդումները:


ESem.am