Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը հատեց եզրագիծը: Այս տարվա մշակութային տոնը հունիսի 14-ին ամփոփեց արդյունքները: «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված մրցանակաբաշխության արարողության ընթացքում հայտնի դարձավ, որ այս տարվա 18 մասնակից դաշնակահարներից ոչ ոք չի ստացել առաջին մրցանակը: Երկրորդ մրցանակին արժանացան Ռուսաստանը ներկայացնող դաշնակահարներ Անաստասիա Նեստերովան և Եվգենի Ստարոդուբցևը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց կրկին Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի դաշնակահար Ստեփան Սիմոնյանը, իսկ չորրորդ մրցանակը բաժին հասավ Ջիա Ռենին` Չինաստանից: Մրցույթի մասնակիցները ստացան նաև բազմաթիվ հատուկ մրցանակներ, այդ թվում` տարբեր հեղինակավոր համերգասրահներում մենահամերգներով հանդես գալու հնարավորություն:

 

Մրցանակաբաշխության արարողությունն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հատուկ մրցույթին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել հոգաբարձուների խորհրդում ընդգրկված հռչակավոր արվեստագետներ Էլժբետա Պենդերեցկան և Տանյա Դորնը, ինչպես նաև բազմաթիվ այլ պատվավոր հյուրեր:

 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթի ժյուրիի նախագահ միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանն ընդգծեց, որ մրցույթը յոթ օր տևողությամբ հիանալի տոն էր, քանի որ այդ օրերի ընթացքում թե հանդիսատեսը և թե ժյուրին անցկացրել է հիանալի միջավայրում: «Ես սրտանց ուրախ եմ, որ այս տոնը հաջողվեց բոլորիս համար: Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ժյուրիի անդամներին: Հիանալի օրեր անցկացրինք: Ամեն ինչ արված էր շատ պրոֆեսիոնալ և բարձր որակով»,- նշեց Արմեն Բաբախանյանը` շնորհակալություն հայտնելով Ռիտա Սարգսյանին, մրցույթի կազմակերպիչներին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին:

 

Երկրորդ մրցանակին արժանացած ռուս դաշնակահարուհի Անաստասիա Նեստերովան մեզ հետ զրույցում նշեց, որ չափազանց երջանիկ է և ուրախ: «Բացի երկրորդ մրցանակից ստացա չափազանց մեծ թվով հատուկ մրցանակներ, ինչը շատ հաճելի էր ինձ համար: Ես նախորդ տարի հոկտեմբերին հանդես եկա Հայաստանում' Երիտասարդական նվագախմբի հետ: Շատ եմ սիրում ձեր քաղաքը, մարդկանց, ամեն ինչ ինձ այստեղ դուր է գալիս: Շատ ուրախ եմ նաև Եվգենի Ստորոդուբցևի համար, որովհետև նա շատ տաղանդավոր դաշնակահար է: Կցանկանայի նշել, որ ինձնից բավականին մեծ է, և ինձ համար կրկնակի հաճելի է, որ մենք կիսեցինք երկրորդ հորիզոնականը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նեստերովան:

Եվգենի Ստարոդուբցևն ընդգծեց, որ իր համար զարմանալիորեն հաճելի էր այստեղ նվագել: «Իրականում ինձ համար շատ կարևոր էր հանդիսատեսի համակրանք մրցանակ ստանալը, սակայն չեմ հասցրել Հայաստանում որևէ բան տեսնել»,-մեզ հետ զրույցում նշեց Ստարոդուբցևը:

Արամ Խաչատրյանի անվան մրցույթն արդեն մեկ տասնամյակի պատմություն ունի: Այն մեկնարկել է անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը' հունիսի 6-ին: Այս տարվա մրցույթն ուղղված էր «Դաշնամուր» մասնագիտությամբ շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Այս տարի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել էին 26 մասնակից ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրերից, սակայն նրանցից մրցույթին մասնակցեցին 18-ը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ: Մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Հոգաբարձուների խորհրդի կազմում են համաշխարհային հռչակ վայելող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, Վալերի Գերգիևը, Պավել Կոգանը, Ինո Միրկովիչը, Էլժբետա և Քշիշտոֆ Պենդերեցկիները, Միխայիլ Շվիդկոյը, Ալեքսանդր Չայկովսկին, Մարկ Զիլբերկվիտը, Տանյա Դորնը և շատ այլ նշանավոր արվեստագետներ:

2008-ին մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել կոմպոզիտոր, արտակարգ և լիազոր դեսպան, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: