Ամերիկյան Live Wire ընկերությունը կազմել էր 2013թ. աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկը՝ հաշվի առնելով այնտեղ կատարվող սպանությունները: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները` այս տարի՝ 2014-ին, հաշվի են առնվել ծանր հանցագործությունները, քաղաքական ցնցումները և գործազրկությունը:
Տասնյակի առաջատարը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպն է, որը 2 տարուց ավելի հայտնվել է կառավարական ուժերի և ապստամաբների բախումների թիրախում: Բախումների և ռմբակոծությունների հետևանքով, բացի մարդկային հազարավոր կորուստներից, քաղաքն ահռելի չափերի նյութական վնասներ է կրել և շարունակում է կրել մինչև այժմ:
Հալեպից հետո երկրորդ հորիզոնականում է Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքը, որը համարվում է աշխարհում սպանությունների մայրաքաղաքը: Նախորդ տարի այնտեղ սպանվել են 1400-ից ավելի մարդ: 3-րդ տեղում է Վենեսուելայի Կարակաս մայրաքաղաքը, 4-րդը՝ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքն է, 5-րդը՝ Աֆղանստանի Քաբուլը, 6-րդը՝ Մեքսիկայի Ակապուլկոն, 7-րդը՝ Սոմալիի Մոգադիշոն, 8-րդը՝ Պակիստանի Կարաչին, 9-րդը՝ Բրազիլիայի Մասեոն և տասնյակը եզափակում է Նյու Ջերսիի Կամդեն քաղաքը: