Նյու Յորքում պատրաստվում են «բիթլների» մասին ամենահետաքրքրական աճուրդներից մեկի անցկացմանը: Sotheby’s աճուրդի տունը հունիսի 4-ին կանցկացնի ցուցահանդես-վաճառք, որտեղ կներկայացվեն Ջոն Լենոնի ավելի քան հարյուր ձեռագրեր, նամակներ, գծագրեր:

 

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հավաքածուն, որը կբաժանվի 89 նմուշների, բաղկացած է պատմվածքներից, բանաստեղծություններից և երաժշտի նկարներից։ Ձեռագրերի մեծամասնությունը նրա կենդանության օրոք հրապարակվել է «In His Own Write» և «A Spaniard in the Works» գրքերում։

 

Ամենաէժան նմուշը՝ մի քանի գծագրեր Լենոնի առաջին գրքի համար, գնահատվում է 500 դոլար։ Ամենաթանկը «The Singularge Experience of Miss Anne Duffield» պատմվածքի ձեռագիրն է՝ 70 հազ. դոլար։

 

Բոլոր ձեռագրերի տերը Թոմ Մաշլերն է, ով 1960-ականներին աշխատել է բրիտանական Jonathan Cape հրատարակչությունում։

 

Աճուրդը համընկնում է «Բիթլզ»-ի ԱՄՆ առաջին հյուրախաղերի 50-ամյա հոբելյանի հետ, և կազմակերպիչները վստահ են, որ հոբելյանի շնորհիվ մասնակիցների թիվը շատ կլինի: Sotheby’s աճուրդի տան գրքերի և ձեռագրերի մասնագետ Գաբրիել Հիթոնի փոխանցմամբ, սա Ջոն Լենոնին նվիրված ամենամեծ և զանգվածային աճուրդն է, որ երբևէ կազմակերպվել է: Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն աճուրդից ստանալ մինչև 1.8 միլիոն դոլար շահույթ: