Apple ընկերությունը գնել է Beats Electronics հռչակավոր ականջակալներ արտադրողին և Beats Music երաժշտական առցանց-ծառայությունը, գործարքի գումարը կազմել է 3 միլիարդ դոլար: Այս մասին ասված է Apple-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բացի Beats ականջակալներից, ընկերությունը թողարկում է ակուստիկ համակարգեր և աուդիոծրագրեր: Գործարքի ընդհանուր գումարը կկազմի 3 միլիարդ դոլար, որից 2,6 միլիարդը վճարվում է գնման ժամանակ, իսկ մնացած գումարը՝ հետագա մի քանի տարվա ընթացքում, վճարման ստույգ ժամանակամիջոցն Apple-ը չի ճշտում: Apple-ը պլանավորում է գործարքն ավարտել իր ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում, որը կավարտվի սեպտեմբերին:
Beats-ի համահիմնադիրները՝ Interscope Records ապրանքանիշի տնօրենների խորհրդի նախագահ Ջիմի Այովինը և ռեպեր Անդրե Յանգը, որն ավելի հայտնի է որպես Dr. Dre, կմիանան Apple խմբին:
Գործարքից հետո Beats-ը մեծ թվով երկրներում կհայտնվի պաշտոնական առցանց-խանութների և Apple-ի մանրածախ ցանցի միջոցով, ինչպես նաև ընկերության իրավազորված ներկայացուցիչների սալոնների միջոցով:
«Մենք շարունակում ենք ներդրումները երաժշտության բնագավառում և այս ականավոր խմբերը միավորում ենք, որպեսզի շարունակենք ստեղծել ամենաինովացիոն երաժշտական արտադրանք և ծառայություններ ամբողջ աշխարհում»,- մեկնաբանել է գործարքն Apple-ի ղեկավար Թիմ Քուկը: