Կաննի 67-րդ կինոփառատոնի աշխատանքի երրորդ օրն Է ընթանում, բայց դեռևս ֆիլմերից որևէ մեկը չի հավակնում անառարկելի առաջատարի դիրքին. քննադատները տարակարծիք են գլխավոր մրցույթում արդեն ներկայացված կինոնկարների գնահատման հարցում: Le Film Francais հանդեսի վարկանիշում առաջին դիրքում է հայտնվել մավրիտանացի ռեժիսոր Աբդեռահման Սիսակոյի «Տիմբուկտու» ժապավենը: Այն շահել է չորս ամենաբարձր և վեց երկրորդ միավորներ:
Բրիտանացի ռեժիսոր Մայքլ Լիի «Ուիլյամ Թյոռներ» ֆիլմն ունի միայն մեկ ամենաբարձր միավոր:
Սակայն Screen հանդեսի այլընտրանքային վարկանիշում հակառակ իրադրությունն է ստեղծվել: 3,6 միավորով առաջին դիրքում է հայտնվել բրիտանացի ռեժիսոր Մայքլ Լիի «Ուիլյամ Թյոռներ» ֆիլմը: «Տիմբուկտու»-ն ստացել է 2,6 միավոր և առայժմ երկրորդ հորիզոնականում Է:
«Ամեն ինչ խոսում է այս մասին, որ փառատոնում հարկ է սպասել ամենասուր մրցակցություն,- նշել է կինոփառատոնի տնօրենության անդամներից մեկը:-Առաջին ցուցադրությունները վկայում են, որ ֆիլմերի ընտրության մակարդակը շատ բարձր է»:
Այդ հանդեսների վարկանիշներն ունեն ոչ պաշտոնական կարգավիճակ: Դրա հետ մեկտեղ Le Film Francais-ի վարկանիշը հաշվի է առնում միայն ֆրանսալեզու հրատարակությունների կարծիքը, իսկ Screen-ը՝ աշխարհի տարբեր երկրների լրագրողների, թեև անգլալեզու հրատարակությունների գերակշռությամբ:
Մայիսի 16-ին ավելի ուշ պաշտոնական մրցույթում կներկայացվեն հերթական երկու կինոնկարները՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» և թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քնափություն»-ը: Վերջին ժապավենը, փորձագետների գնահատումների համաձայն, հավակնում է փառատոնի բարձրագույն պարգևներին: