Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաներին ամեն տարի համախմբող «Մանկական Եվրատեսիլ-2014»-ը հստակեցրել է իր ժամանակացույցը: Ինչպես տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական` eurovision.tv կայքից,  Եվրոպական հեռարձակողների միությունն այս տարի մրցույթը հյուրընկալող երկրի` Մալթայի Հանրային հեռարձակողի  հետ որոշում է կայացրել այն անցկացնել նոյեմբերի 15-ին:

 

Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ առաջիկայում նշվելու են երկրի` որպես Հարավային Եվրոպայում անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու հոբելյանները:

 

Առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում:

 

«Մանկական Եվրատեսիլ-2013»-ում ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության հիսուն/հիսուն հարաբերակցության արդյունքում հաղթեց Մալթայի ներկայացուցիչ Գայա Կաուչին իր «The Start» երգով: Նա հավաքեց 130 միավոր: «Եղի′ր ստեղծագործ» խորագրի ներքո մրցույթն այս տարի անցկացվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Արվեստների ազգային պալատում: Հայաստանը ներկայացնող 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը, իր Choco Factory` «Շոկոլադի ֆաբրիկա» երգով հանաքելով 69 միավոր, զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Առաջատար հնգյակում հայտնվեցին Ուկրաինան, Ռուսաստանը, Բելառուսը և Վրաստանը: Մրցույթին մասնակցում էին 12 երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Շվեդիան: «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի 11-րդ մրցույթը անցկացվել է նոյեմբերի 30-ին, Կիևի «Ուկրաինա» արվեստների ազգային պալատում: