Հայաստանի ազգային պատկերասրահը կհարստանա իսպանացի գեղանկարիչ և քանդակագործ Սալվադոր Դալիի գրաֆիկական ստեղծագործություններով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը պատկերասրահում տեղի կունենա Քրիստին Արժիլեի կողմից ՀԱՊ-ին ընծայվող Սալվադոր Դալիի գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդեսը և նվիրատվության արարողությունը, որին ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
ՀԱՊ տնօրենի խոսքով, բացի Դալիի գործերից` պատկերասրահի հավաքածուում իրենց արժանի տեղը կգտեն նաև Վասիլի Կանդինսկու և Հանս Բելմերի աշխատանքները:
«ՀԱՊ-ին ընծայվում են Սալվադոր Դալիի` համաշխարհային փառք վայելող նկարչի ստեղծագործությունները: Դրանք շատ կարևոր եմ համարում. թեկուզ գրաֆիկական ստեղծագործություններ են, սակայն Դալիի գործերն են: Պատկերասրահը շատ արժեքավոր նվեր է ստանում»,-նշեց Փարավոն Միրզոյանը:
ՀԱՊ տնօրենը հիշեցրեց, որ 2011թվականին պատկերասրահում բացվել էր ցուցահանդես, որին ներկայացվել էին Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Վասիլի Կանդինսկու և այլ հեղինակների գրաֆիկական աշխատանքներ, որոնք կրկին Հայաստան էին բերվել ԱՄՆ-ի «Արժիլե պատկերասրահ»-ի տնօրեն հայտնի նկարիչ Ժան Կազանջյանի կին Քրիստին Արժիլեի հավաքածուից:
«Մոտ 15 ստեղծագործություն կնվիրվեն պատկերասրահին: ՀԱՊ-ում
Դալիի և Բելմերի աշխատանքներից չկան, սակայն ունենք Կանդինսկու գործերից»,-հավելեց Փարավոն Միրզոյանը:
Հայաստանի ազգային պատկերասրահը ծնունդ է առել 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Այդ ժամանակ թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը: