Եվրոպայի թանգարանները մայիսի 17-ին` ժամը 18:00-ից, արդեն 10-րդ անգամ միասին կազդարարեն Թանգարանների եվրոպական գիշերը` Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին ընդառաջ: ԻԿՕՄ-ի կողմից առաջադրված «Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի ներքո Եվրոպայի բազմամիլիոն հասարակությունը կրկին կհամախմբվի թանգարանների շուրջ` ընդգծելով այցելուներ-սերունդներ-մշակույթներ կապը: Ստեղծումից ի վեր անմիջապես դառնալով համաեվրոպական նախԱձեռնություն` Թանգարանների եվրոպական գիշերն այս տարի իր տասնամյակը կնշանավորի նաև Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, հաստատությունը մայիսի 17-ին իր այցելուներին կընդունի արևամուտից մինչև կեսգիշեր` փորձելով տոն պարգևել իր հին ու նոր այցելուներին:
«Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի համատեքստում թանգարանը գիշերասեր այցելուներին կներկայացնի ճանաչողական ֆիլմ` մարդկության հիշողություն համարվող աշխարհահռչակ Բրիտանական թանգարանի հավաքածուների վերաբերյալ: Ֆիլմը, ոը 2013թ. ամռանն արգելոց-թանգարանին է նվիրել ճանաչողական այցով Էրեբունի այցելած Բրիտանական թանգարանի պատվիրակությունը, 40 րոպե տևողությամբ յուրօրինակ շրջայց է թանգարանի սրահներով: Այն այցելուին կծանոթացնի թանգարանի ամենահայտնի առարկաներին և, միաժամանակ, ամեն մեկին հնարավորություն կտա պատկերացնել իր տեղը համաշխարհային պատմության մեջ: Ֆիլմը կցուցադրվի ժամը մեկ պարբերականությամբ (ժամը' 18:00, 19:00, 20:00)` ընդմիջվելով «Վան» ազգագրական համույթի երգ ու պարի կենդանի կատարումներով: «Ուրֆանե», «Սեբաստիո», «Զընգըրթա» պարերը, «Ամռան գիշեր», «Աշնան գիշեր», «Ճախարակ» և այլ երգերն այցելուին գուցեև կտանեն Վան-Ուրարտուի ոչ նյութական մշակույթի ակունքներ:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի պատանի հնագետները ևս կմիանան Թանգարանների գիշերվան` իրենց հասակակիցներին հրավիրելով ժամը 17:00-19:00-ի սահմաններում դիտել ուսումնական պեղավայրում ընթացող պեղումները, ինչը, անկասկած, կխթանի շատերի հետաքրքրությունը դեպի այդ առեղծվածային աշխարհը` հնագիտությունը:
Թանգարանում մշտապես նոր ցուցանմուշ փնտրող այցելուների համար միայն մայիսի 17-ին Էրեբունի թանգարանը «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» խորագրի ներքո իր ֆոնդապահոցից 1-ին անգամ կներկայացնի Ք. ա. 8-րդ դարով թվագրվող ագաթե կոճակ` հայտնաբերված Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտ պեղված մանկահասակ աղջկա դամբարանից:
Մայիսի 17-ին ժամը 21:00-ից Էրեբունին համացանցով կմիանա «Գեղադիտակ» միջազգային նախագծին` թանգարանի կողային բակում կազմակերպված վիրտուալ պատին դիտելով Թանգարանային գիշեր-2014-ը ներկայացնող լուսանկարներ` արված սմարթֆոններ ունեցող այցելուների կողմից: Այս նախագիծը Գիշերվա բոլոր մասնակիցներին կմիավորի լուսանկարների մեկ ալբոմում` դառնալով կապերի ու հաղորդակցության, բարձր տրամադրության և յուրօրինակ մրցույթի հրաշալի միջոց:
Էրեբունիում հոբելյանական Թանգարանային գիշերվա գործընկերը ABCConnexion կազմակերպությունն է:
«Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի շրջանակում խթանելով միջթանգարանային համագործակցությունը` «Էրեբունի» արգելոց-թանգարանը Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյան» թանգարանին ժամանակավոր ցուցադրության կտրամադրի ուրարտական որմնանկարների 6 կրկնօրինակներ: Ժամանակավոր ցուցադրությունը կկրի «Անակնկալ գիշերով» խորագիրը` իրապես անակնկալի բերելով «Կարեն Դեմիրճյան» թանգարանում ուրարտական մշակույթի դրվագների հանդիպող այցելուներին: