Նեպալում երեխաների պաշտպանության կոմիտեն, որը զբաղվում է երեխաների նկատմամբ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության, ինչպես նաև շահագործման մասին իրավունքների պաշտպանությամբ, փրկել է նեպալցի 124 երեխայի ֆիզիկական շահագործումից։ Պարտադիր կրթություն ունենալու օրենքի բացակայության պատճառով` մինչև 16 տարեկան երեխաները մնում են ամենախոցելի հասարակական շերտերից մեկը, որոնք ամենից շատն են ենթարկվում ֆիզիկական և հոգեբանական շահագործման։
Փոքրիկ տղան բարձրացնում է ծանր աղյուսներ՝ աշխատելով Կատմանդուի հարթավայրի գործարանում։ Միգրանտ աշխատող երեխաները հարևան Հնդկաստանից և Նեպալից աշխատում են Լալիտպուրի գործարանում։ Կատմանդուի դաշտավայրում գործող աղյուսի գործարանների արտադրամասում շահագործում են երեխաների աշխատանքը և, որպես կանոն, աշխատում են հանրության աչքից գաղտնի։ Աշխատանքի տեսուչները երբեք չեն վերահսկում հազարավոր միգրանտ երեխաների աշխատանքը։
Աղյուսի աշխատանքը սեզոնային բնույթ է կրում և գրավում է ամենաաղքատներին: Հնդկացի և նեպալցի սեզոնային միգրանտներն աշխատում են աղյուսի գործարաններում ողջ Կատմանդուի դաշտավայրով մեկ։ Այնտեղ աշխատող երեխաների մոտ 75%-ն աշխատում է գյուղատնտեսական ոլորտում՝ ենթարկվելով մասնագիտական և անվտանգության ռիսկերի, ինչպիսիք են վտանգավոր մեքենաների և գործիքների, ծանր օբյեկտների և վնասակար թունաքիմիկատների հետ առնչությունը։
Նույնիսկ երիտասարդ աղջիկներն են ստիպված աշխատել աղյուսի գործարաններում: Շահագործման ավելի շատ ենթարկվում են աղջիկները, քան տղաները։ Նրանք հիմնականում ենթարկվում են սեռական բնույթի շահագործման: Երեխաներն, ովքեր աշխատում են աղյուսների գործարաններում, երկար ժամանակ են անցկացնում թունավոր փոշոտ միջավայրում: Նրանք աղյուսները կրում են իրենց գլխին, որի հետևանքով հաճախ տառապում են ողնաշարի և մեջքի հիվանդություններով։
Վիճակագրության համաձայն` աշխարհում շուրջ 215 միլիոն երեխա ստիպված է աշխատել գոյատևելու համար, որոնցից շուրջ 5 միլիոնը ենթարկվում է դաժան աշխատանքային շահագործման: ՄԱԿ-ն արձանագրել է երեխաների իրավունքների 52 տեսակի կոպտագույն խախտումներ, որոնցից է իշխանական ուժերի և զինյալ խմբավորումների կողմից անչափահասների զինվորագրումը, երեխաների նկատմամբ սեռական ոտնգձությունները, հոգեբանական և ֆիզիկական բռնությունները և աշխատանքային թրաֆիքինգը:
Աշխարհում երեխաներն ամենաշատը շահագործվում են Չինաստանում ու Հնդկաստանում, իսկ անչափահասների զինվորագրման և ահաբեկչական գործողություններին ներգրավման գործում առաջատար երկրների ցուցակը գլխավորում են Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան: ՄԱԿ-ի քարտուղարի խոսքով` երեխաների գործունեությունը պիտի սահմանափակվի միայն կրթական և ընդհանուր զարգացվածության գործընթացներին նրանց մասնակցությամբ, այն է` կրթությունը երեխաներին, աշխատանքը` մեծահասակներին: