Բազմաթիվ արվեստագետներ և արվեստասերներ Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ դրեցին հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Շիրազի շիրմին: «Հավերժի ճամփորդ»-ին միջոցառման մասնակիցները վերհիշեցին սիրով և հպարտությամբ: Ելույթ ունեցողները կարևորեցին հայ գրականության մեջ ունեցած նրա ներդրումը և անգնահատելի վաստակը: Այցելությունն իրականացվեց բանաստեղծի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
«Շիրազը մեծապես շարունակում էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակի պահպանման գործը, երկրի ուժի, ցավի ու կորստի վերգտնումի ելևէջները հաղորդում էր իր բանաստեղծություններով: Նա դարձել էր խորհրդանիշ ամբողջ հայության համար: Շիրազը ժողովրդական սիրուն արժանացած մեծ բանաստեղծ էր: Նա այն եզակիներից էր, որ ժողովրդի սերն ունենալով` եղավ վերջիններից, որովհետև ցավոք այսօր բանաստեղծություն քիչ են կարդում և քիչ գրում»,-նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Հովհաննես Շիրազի ավագ դուստրը` Աստղիկ Շիրազը վերհիշում է, որ բանաստեղծը շատ հոգատար և նվիրված հայր էր: «Հովհաննես Շիրազն ինձ համար առաջին հերթին հայր է, դրան հավասար` մեծ պոետ: Նա առհասարակ պաշտում էր երեխաներին, ոչ միայն մեզ: Ամեն ինչ անում էր, որ մեր գլխից մազ չպակասի»,-վերհիշեց Ա. Շիրազը:
Անվանի բանաստեղծի դուստրը նշեց, որ Շիրազի տուն-թանգարանի տանիքի հետ կապված խնդիր կա, սակայն կառավարությունը խոստացել է, որ այն կլուծվի:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, և ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենալու Շիրազին նվիրված տոնակատարություններ:
«Գյումրիում երեկ մեկնարկեց այդ միջոցառումների շարքը: Լույս կտեսնի Շիրազի ստեղծագործությունների ընտրանին: Բոլոր թանգարաններում, գրադարաններում, դպրոցներում տեղի են ունենալու Շիրազի քնարերգությանը նվիրված երեկոներ: Գյումրիում ցանկություն կա նրա անունով դպրոց հիմնելու կամ եղածներից մեկն անվանակոչելու: Բացի այդ, կհրատարակվի «Թոնդրակեցիները» անավարտ պոեմը: Հավանաբար նոյեմբերին հոբելյանական երկու երեկո կլինի, մեկը` Երևանում` Օպերային թատրոնում, մյուսը` Գյումրիում: Միջոցառումները բազմաթիվ են»,-նշեց Արթուր Պողոսյանը:
Ներկաներն իրենց ելույթներում ափսոսանքով նշեցին, որ Շիրազի ամենամեծ ցանկությունը` Արևմտյան և Արևելյան Հայաստանների միավորումը դեռևս անկատար է:
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը 20-րդ դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է:
Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: 1925–1932 թթ. սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932 թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956-ին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941–1945 թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում: 1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը»:
Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը: Մայրը բանաստեղծի համար սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ: