«Մանկական Նոր ալիք 2014» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 11-ամյա Դավիթ Վարդանյանը, ով նախկինում ներկայացել է «Մանկական Եվրատեսել 2013»-ի նախընտրական փուլը` զբաղեցնելով երկրորդ տեղը, «Աստղիկ»  հեռուստանախագծին, որում զբաղեեցրել է չորրորդ տեղը, եղել է «Արևիկ» մանկապատանեկան համույթի անդամ:

 

 

 

 

Փոքրիկ երգչի հետ աշխատող երգիչ Գրիգոր Կյոկչյանը ESem.am-ի փոխանցեց, որ Դավիթը շատ ոգևորված է նախընտրական փուլն անցնելու կապակցությամբ: «Մինչ այս նա ասում էր, որ չի հավատում արդարությանը: Շատ էր տխրել, որ չի անցել «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլը, սակայն ես նրան միշտ ասում էի, որ եթե չես անցել, ուրեմն մի բան պակաս է եղել: Շատ է ուրախացել, որ այս մրցույթում անցել է մրցութային փուլ»,- ասաց Գրիգորն ու հավելեց, որ Դավիթը ոչ ծանոթ ունի, ոչ բարեկամ, այդ իսկ պատճառով փոքր ինչ թերահավատ էր:

 

 

 

 

Ըստ երգչի` իրենք բավականին շատ են աշխատել ու լուրջ նախապատրաստվել էին «Նոր ալիքին»:  «Դավթի համար շատ բարդ ծրագիր ենք ընտրել և, որպես 11 տարեկան երգիչ, բավականին լուրջ է ներկայացել: Դա նկատեցին նաև ժյուրիի անդամները, երբ Դավիթը կատարեց Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» երգը, որով նա հաղթել էր մեծերի «Նոր ալիքի» ժամանակ»,- հայտնեց Գրիգորը:

 

 

 

 

Դավիթը դեռ գտնվում է Մոսկվայում, որտեղից կվերադառնա մի քանի օրից: Գրիգորը նշեց, որ իրենք ընտրել են տասը երգ, որոնք ներկայացրել են մրցույթի անձնակազմին: Դրանցից կընտրվի մի միջազգային և մի հայաստանյան հիթ, որոնցով նա կներկայանա մրցութային օրերին: «Նոր ալիքից» վերադառնալուց հետո Դավիթը կնախապատրաստվի «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը