Ամբողջ աշխարհը պատրաստվում է նշել ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանը: Կանադան ևս հարգանքի տուրք կմատուցի լեգենդին և նրա գործունեությանը: Canada21tv-ն իր Youtube-ի պաշտոնական էջում տարածել է տեսահոլովակ, որում նշվում է, որ Ազնավուրի 90-ամյակը կնշվի նաև Տորոնտոյում: ««Necessary Angel Theatre» ընկերությունը հոկտեմբերին Տորոնտոյում հարգանքի տուրք կմատուցի այս մեծագույն ֆրանսիացի արվեստագետին: Միջոցառման աջակիցն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը»,-նշված է տեսահոլովակում: Այնուհետև մի քանի նախադասությամբ ներկայացվում է Ազնավուրի կենսագրությունը: Հաղորդավարն ընդգծում է, որ Ազնավուրը 1988 թվականին աջակցել է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: