Life.panorama.am-ի այսօրվա հյուրը երգչուհի Արմինե Նահապետյանն է, ով միշտ ու բոլոր առումներով առանձնացել է իր ոճով: 2013 թվականը, ինչպես շատերի, այնպես էլ Արմինկայի համար, կարծես թե պասիվ, ու հանգստյան շրջան էր: Ինչո՞վ էր այդ ընթացքում զբաղվում երգչուհին, ի՞նչ անակնկալներ է պատրաստել իր հանդիսատեսի համար՝ ճշտեցինք հենց իրենից…

 

-2013 թվականին բավական լուռ էիք, ի՞նչն էր պատճառը: Այդ լռությունը որքա՞ն կպահպանվի…

-Նախորդ տարի աշխատել եմ, պարզապես տեսահոլովակներով չեմ երևացել… Նոր երգեր եմ ձայնագրել, մասնակցել եմ համերգների: Իսկ այն, որ շատ ակտիվ չեմ եղել, պարզապես ժամանակավոր դադար էր, որպեսզի երկրորդ շնչառություն բացվի: Եվ արդեն բացվել է… Այս տարի կտեսնեք, կլսեք, կիմանաք շատ-շատ նորություններ… Շուտով նոր երգով ու տեսահոլովակով հանդես կգամ… Շատ-շատ նորություններ են սպասվում այս տարի…

 

-Ինչպե՞ս է երգը կոչվում:

-Դեռևս անունը վերջնական որոշված չի. «Թող լինի հեքիաթ», կամ «Ես ուզում եմ, որ լինի հեքիաթ»… Շատ գեղեցիկ երգ է, տեսահոլովակը նկարահանվել է Ամերիկայում: Եթերում կլինի առաջիկա ամենասպասված տոնական օրը…

 

-Հունվարի 28-ի՞ն:

-Ոչ, դա բանակի օրն է, իսկ երգն այդ թեմայով չէ… Կլինի Սուրբ Սարգսի տոնին կամ Տեառընդառաջին…

 

-Հեռուստաընկերություններում այսօր որպես հաղորդավար ընտրում են երգիչների կամ դերասանների: Զարմանալի է, որ Ձեզ այդ կարգավիճակում չենք տեսնում:

-Ժամանակին շատ առաջարկներ եմ ունեցել, բայց միշտ մերժել եմ… Ասեմ, որ հաղորդավար աշխատելու առաջին առաջարկը դեռևս 1990-91 թվականներին եմ ստացել ազգային հեռուստաալիքից: Պետք է վարեի «Երաժշտական փոստարկղ» ծրագիրը, որն ուղիղ եթերում էր հեռարձակվում: Նորաթուխ ուսանողուհի էի, չունեի կարիերա… Այդ ժամանակ չցանկացա հեռուստատեսություն մտնել, ուզում էի սովորել ու դառնալ երգչուհի… Առաջարկներ ստացա նաև 2000 թվականի սկզբներին: Սակայն, նորից պատրաստ չէի, պետք է մեջս հասունանար այդ պահը… Հիմա միայն կարող եմ ասել՝ չի բացառվում, որ կհայտնվեմ հեռուստատեսությունում… Սակայն այդ մասին վաղ է խոսելը…

 

-Արմինկա, Ամանորը որտե՞ղ եք անցկացրել:

-Այս տարի՝ տանը, ընտանիքիս հետ: Դեկտեմբերի 30-ի գիշերը վերադարձա Միացյալ Նահանգներից… Բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով նշեցինք Նոր տարին…

 

 

-Սիրո՞ւմ եք այդ տոնը:

-Որքան էլ որ գեղեցիկ ու ընտանեկան տոն է, այն մեզ համար երկրորդական է… Իմ և իմ ընտանիքի ամենամեծ, ամենակարևոր և ամենաընտանեկան տոնը Սուրբ Ծնունդն է: Տոնում ենք շատ գեղեցիկ, բոլոր սովորույթներով, ինչպես ընդունված է հայ ընտանիքներում…

 

-Տա՞նն եք նշում:

-Սովորաբար, հունվարի 5-ի երեկոյան գնում ենք Էջմիածին: Այնտեղ շքեղ զարդարված է լինում և խորհուրդը շատ ավելի տեսանելի է դառնում: Այս տարի այդ հնարավորությունը չունեցանք, քանի որ, բացի բալիկիցս, բոլորս շատ հիվանդ էինք: Ես այդ օրն անցկացրել եմ անկողնում՝ բարձր ջերմությամբ:

 

-Որպես նորաձևությանը հետևող կին և երգչուհի, ո՞րն է այս տարվա նորաձևության միտումը:

-Գիտեք, թեև նորաձևությունը ինձ համար միշտ էլ հետաքրքիր է, բայց ես երբեք դրա զոհը կամ կույր հետևորդը չեմ եղել… Գիտեմ, որ նորից կանաչի տարբեր երանգներն են արդիական: Շատ բան ասել չեմ կարող, ժամանակ էլ չեմ ունեցել, որ հետևեմ: Թեկուզև անընդհատ հրավերներ էի ստանում դրսում մասնակցելու տարբեր ցուցադրությունների… Ամեն դեպքում, ինձ համար նորաձև է այն, ինչն ինձ սազում է: Յուրաքանչյուրը պետք է այդպես առաջնորդվի… Ինչպես միշտ, նորաձև են բնական եղունգները, մազերի բնական երանգները…

 

Շարունակությունը` այստեղ: