Մեր սիրած օծանելիքները, որպես կանոն, մի թերություն ունեն. մեզ միշտ թվում է՝ սիրելի բույրը շատ շուտ է ցնդում: LN-ը ներկայացնում է մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ավելի «ամուր» բույր ստանալ:

Բույրն ավելի երկար է մնում յուղոտ մաշկի վրա, իսկ չորի դեպքում այն շուտ է ցնդում: Մինչև օծանելիքի օգտագործումը օճառով կամ մարմնի գելով լոգանք ընդունեք: Այնուհետև մաշկին քսեք լոսյոն կամ մարմնի համար նախատեսված յուղ (այն կարող է լինել նաև մանկական): Սրա շնորհիվ օծանելիքի բույրն ավելի երկար կպահպանվի և կարիք չի լինի այն հաճախակի օգտագործելու:

Իսկ եթե լոգանքի և լոսյոնի ժամանակ չունեք, ապա օգտագործեք վազելին կամ ձիթապտղի յուղ մարմնի առանձին տեղերում' դաստակներին, ականջների ետևում, կրծքերի մեջտեղի հատվածում: Հենց այդ հատվածներում մաշկն ավելի բարակ է, և արյունատար անոթներն ավելի մոտ են նրան: Այդ պատճառով էլ մաշկն ավելի տաք է այդ հատվածներում, և բույրն ավելի ուժեղ ու երկար է պահպանվում:

Մի խորհուրդ եւս՝ եթե Դուք օծանելիքը ցանում եք դաստակներին, դաստակներն իրար մի քսեք: Այդպես «ոչնչացնում» եք պարֆյումի մոլեկուլներն ու օծանելիքի բույրը: