Մեկ տարի առաջ այս օրը' նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մահացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, Never Again մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանը (ծնվ.՝ 1957թ.):

Երգչուհին մահացել է լեղապարկի վիրահատությունից հետո։ Նրա սիրտը չի դիմացել։

Հայ ազգի Ծովաստղիկի՝ Ֆլորա Մարտիրոսյանի նուրբ, թավշե ու զրնգուն ձայնը գերել է ոչ միայն հայերիս. այն հասցրել է հնչել աշխարհի 60-ից ավելի հայաշատ համայնքներում:

Երգչուհու տաղանդի մասին շատ մեծանուն մարդիկ են խոսել, անգամ նրանք, ովքեր երաժշտության ասպարեզում ընդամենը ունկնդիրներ էին:
Սակայն հայ բանաստեղծների հետ քիչ երգի- երգչուհիներ են առիթ ունեցել առնչվելու, էլ ուր մնաց՝ նրանցից որևէ կարծիք լսելու իրենց տաղանդի մասին: Ֆլորա Մարտիրոսյանն այդ երջանիկներից էր:

Սփյուռքի կոմիտեում մեծն Վիլյամ Սարոյանի հետ հանդիպման ժամանակ՝ 1978-ին, երբ Ֆլորա Մարտիրոսյանը դեռևս փոքրիկ աղջնակ էր, ավարտելով «Դլե յաման»-ի վերջին բառերը, մի պահ սրահում տիրում է քար լռություն, որից հետո Սարոյանն ասում է. «Այս աղջկա ձայնը դուդուկի կնմանի: Այն ինձ մտքով տարավ դեպի հայրենի հողը՝ տեսա մայրիկիս, մեր տունը: Ապրե՛ս, զավակս»:

Տարիներ անց իր տված հարցազրույցներից մեկում այս մասին պատմել է ինքը՝ արդեն ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: