Դիանա Գրիգորյանի նոր հաղորդումը, որը կոչվում է «Փակագծերից դուրս», այլևս եթեր չի հեռարձակվի: Այս մասին զրուցեցինք Դիանայի հետ, ով հաստատեց, որ հաղորդումը փակվել է: «Որևէ խնդիր չի եղել: Խնդիրը զբաղվածությունն էր,- ասաց Դիանան և հավելեց, որ հաղորդումն այլ անձնակազմի չի հանձնել: -Եթե հաղորդումը շարունակվի, բնականաբար, պետք է ես շարունակեմ»:

Հաղորդումը նկարահանվել է, սակայն Դիանան դժվարացավ նշել նկարահանված թողարկումները եթեր կհեռարձակվե՞ն, թե' ոչ. «Նկարահանումներն արդեն եղել են, ամեն ինչ նորմալ է, սակայն ես դժվարանում եմ ասել' եթերում կլինի՞, թե' ոչ: Որևէ հստակ պատասխան տալ չեմ կարող, որովհետև ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված: Ես իրավասու էլ չեմ այս պահին կոնկրետ պատասխան տալ»:
Այս ընթացքում մամուլում շրջանառվում են վարկածներ, թե հաղորդումը փակվել է, որովհետև Դիանայի հասցեին շատ քննադատություններ են հնչում: Ըստ Դիանայի' դա չի համապատասխանում իրականությանը: «Ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե մամուլում ինչ է գրվում: Ուզում եմ հասկանալ' հաղորդումն ի՞նչ կապ ունի ինձ հետ, թե՞ դա պարբերականների սովորությունն է, որ քննադատում են ոչ թե արված աշխատանքը, այլ անձը: Առողջ մարդիկ քննադատում են նախագիծը: Ճիշտ չէ մեկին թիրախ վերցնել ու սկսել քննադատել: Նախ պետք է հասկանալ' ով է զբաղվում, ինչ աշխատանք է տարվել, արդյոք արդար աշխատանք է տարվել, իսկ մեր դեպքում հաստատ արդար աշխատանք է տարվել: Չեմ կարողանում հասկանալ, թե հասարակությունն ինչու է ամեն ինչի մեջ միայն վատը տեսնում և հավատալ դրան»:

Դիանան նորմալ է վերաբերում քննադատություններին, որոնք հնչում են իր նախագծերի հասցեին: «Այն նախագծերը, որոնք չեզոք չեն և միշտ լինում են բարձր վարկանիշով, բնական է, որ պետք է քննարկվեն: Կարծում եմ' դա լավ է, դա հաղթանակ է,- ասաց սցենարիստն ու հավելեց, որ առողջ քննադատությանը շատ նորմալ է վերաբերում: - Շատ դեպքերում ինքնահաստատման ճանապարհին գտնվող մարդիկ փորձում են աղավաղել մարդկանց աշխատանքը, սակայն առողջ քննադատությանը շատ լավ եմ վերաբերում և պատրաստ եմ լսել այդպիսին: Հուսով եմ' մի օր ես կլսեմ քննադատություն, որը կլինի խորհրդի տեսքով և կուղղորդի' այ կարելի է այսպես անել: Ես սիրով կլսեմ դա: Սակայն քննադատություն չեմ համարում, երբ կառչում են մազերից, չգիտեմ ինչից: Դա պարզապես ներքին նախանձ է, երբ մարդիկ իրենց ներքին թույնով պարկն անընդհատ պայթեցնում են և թիրախ վերցնում այն մարդկանց, ովքեր փորձում են արդար ճանապարհով աշխատել և շատ աշխատատեղեր ապահովել: Ես միշտ արդար եմ աշխատել. չունեմ օգնողներ: Մարդիկ ասում են, թե ինձ օգնում են հեռտուստատեսությունում: Ես չունեմ օգնողներ, բարեկամներ, ովքեր ինձ առաջ են տանում: Շատ-շատերը կան, ովքեր ինչ-ինչ ձևերով կարողանում են առաջ գնալ, սակայն ես այդ մարդկանցից չեմ»:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: