Ամերիկուհի Ջուլիա Հիլը 738 օր բնակվել է 60 մետր բարձրություն ունեցող սեքվոյա կարմրափայտ ծառի վրա՝ ողջ աշխարհին ցույց տալով, թե ինչպես կարելի է պայքարել մայր բնության պահպանման համար: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ երիտասարդ բնապահպանն այս կերպ փորձել է ծառահատներից պաշտպանել սեքվոյայի ծառը, որն անվանել է Լունա, ինչպես նաև՝ շրջակա անտառը:

Ջուլիան 22 տարեկանում վթարի ենթարկվելուց հետո, որի հետևանքով մեկ տարով կորցրել էր խոսելու ունակությունը, իր կյանքը նվիրել է աշխարհի բացահայտմանը՝ միանալով ակտիվիստների խմբին, որոնք պայքարում են Հյուսիսային Կարոլինայում գտնվող սեքվոյայի անտառի ոչնչացման դեմ: Ջուլիան կամավոր բարձրացել է 1500 տարվա պատմություն ունեցող անտառի ամենաբարձր ծառի վրա՝ հույս ունենալով այսպիսով ետ պահել Maxxam Corporation ընկերությանը՝ այն հատելուց:

Պայքարի արդյունքում Maxxam Corporation-ը պարտվել է, որից հետո պարտավորվել է վճարել 50000 դոլար փոխհատուցում: Այդ գումարը փոխանցվել է կայուն անտառահատումների մասին հետազոտություններ իրականացնող դպրոցին:

Շնորհիվ «Լունային» փրկելու իր ջանքերի՝ այժմ Ջուլիան հայտնի է դարձել բնապահպանների և ամերիկացիների շրջանում, ովքեր նրան կնքել են «թիթեռ» մականունով՝ Ջուլիա «Բաթերֆլայ» Հիլ: