Գնումներ կատարելիս տղամարդկանց խնայելու ձգտումները գրեթե նույնն են, ինչ կանանց մոտ՝ չնայած տարածված այն կարծիքին, թե մարդկության ուժեղ կեսն անտարբեր է զեղչերի հանդեպ, գրում է vestifinance.ru-ն՝ վկայակոչելով MarketWatch-ին։
Նման եզրակացության է հանգել WSL Strategic Retail մանրածախ ոլորտի վերլուծական ընկերությունը՝ ԱՄՆ-ում անցկացնելով հարցում, որին մասնակցել է 737 տղամարդ և 784 կին։
WSL-ի տվյալները վկայում են այն մասին, որ հարցված տղամարդկանց 63%-ը խանութներում միշտ զեղչեր է փնտրում, դրական պատասխան է տվել հարցված կանանց 79%-ը։
Հարցման տվյալների համաձայն՝ տղամարդկանց գրեթե կեսը և կանանց 64%-ն ԱՄՆ-ում պարբերաբար օգտվում են ծախսերը նվազեցնող կտրոններից։ Ընդ որում՝ տղամարդկանց 52%-ը և կանանց 54%-ը պատրաստ են հեռվում գտնվող խանութ այցելել, եթե այնտեղ խնայելու հնարավորություն կա։
Ընկերության նախագահ Քենդիս Կորլեթը նշել է, որ նման հետազոտություն անցկացնելու գաղափար վերլուծաբանների մոտ առաջացել է այն ժամանակ, երբ նրանք խոշոր ընկերությունների զեկույցներում, ներառյալ Wal-Mart-ը, տեսել են տղամարդ գնորդների մասնաբաժնի ավելացման մասին տեղեկություն։
Զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ում տղամարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել գներին 10 տարի առաջվանից, երբ բենզինի գինը գերազանցեց 3 դոլարը։ Իհարկե, վերջին շրջանի ճգնաժամը կարևոր դեր է խաղում գնումներ կատարելիս տղամարդկանց խնայելու ցանկության հարցում, սակայն զեկույցում նշվում են նաև այլ գործոններ, հատկապես՝ ավելի ուշ ամուսնությունները և չաշխատող տնային տնտեսուհիների թվի կրճատումը։