Այն ժամանակ, երբ որոշ հայտնի մարդիկ արդեն ստանում են դոկտորի աստիճան, 42-ամյա դերասան Մարկ Ուոլբերգը կարող է հպարտանալ միայն դպրոցն ավարտելու կապակցությամբ, գրում է ДНИ.ru-ն։
Պարզվել է, որ 9-րդ դասարանից հետո Ուոլբերգը թողել է ուսումը։ Դեռահաս տարիքում երեկույթները նրան ավելի են հետաքրքրել, քան դպրոցական դասերը։ Ապագա հայտնի աստղը նաև օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել։
Ուոլբերգը վերականգնել է իր կրթությունն անցած տարի. վերջին 12 ամսվա ընթացքում նա սովորել է համացանցով և ամռանը վերջապես ավարտական վկայական ստացել։
«Գրեթե մեկ տարի ես սովորել եմ համացանցի միջոցով և փորձել դասերին տրամադրել ազատ ժամանակս։ Դա ինձ համար իրական փորձություն էր, սակայն այժմ ես երջանիկ եմ, որ կարող եմ հայտնել ուսման կուրսն ավարտելու և վկայական ստանալու մասին»,- ասել է Ուոլբերգը։
Դերասանը խոստովանել է, որ չի պատրաստվում կանգ առնել և նախատեսում է շարունակել ուսումը դերասանական դպրոցում։