Գործարար Լեսլի Ալեքսանդրը Նյու Յորքում բացել է գինու սիրահարների ակումբ՝ Société du Vin, որին անդամակցել կարող են միայն այն տղամարդիկ, որոնց հաշվին կա առնվազն 1 մլրդ դոլար, գրում է luxlux.net-ը։
Գինու գնահատողների ակումբը գտնվում է Նյու Յորքի Հեմփթոնս թաղամասում։ Ալեքսանդրն այնտեղ գնել է կարտոֆիլի մառան, վարձել փորձառու դիզայներների և ճարտարապետների։ Այժմ հաստատությունն ընդունում է ամենահարուստներին։
Ակումբին անդամակցությունն արժե 50.000 դոլար։ Մեծահարուստները պետք է նաև ամենամյա ներդրումներ անեն և առանձին վճարումներ՝ հատուկ միջոցառումների մասնակցելու համար։ Օրինակ՝ Château Pétrus գինու համտեսմանը նվիրված երեկույթի համար մասնակիցը պետք է վճարի 17.500 դոլար։
Forbes ամսագրին տված հարցազրույցում Լեսլի Ալեքսանդրն ասել է. «Ես ցանկանում էի գինու հավաքորդներին հատկացնել մի այնպիսի վայր, որտեղ նրանք կարող էին ոչ միայն պահել իրենց էլիտար ալկոհոլը, այլև հավաքվել մի գավաթ հիանալի գինու շուրջ։ Հարուստ մարդիկ շատ են աշխատում և նախընտրում են հանգստանալ լուռ միջավայրում, այլ ոչ թե աղմկոտ դիսկոտեկում։ Հենց նրանց համար էլ աշխատում է իմ ակումբը»։