Քուվեյթի իշխանությունները պատրաստվում են 132 մլրդ դոլար ներդնել արաբական «1000 ու մեկ գիշեր» հեքիաթի ոճով նոր մեգապոլիսի շինարարության մեջ։ Նրանց կարծիքով՝ նոր Madinat al-Hareer քաղաքը պետք է դառնա երկրի իրական զարդը և նպաստի նրա ապագա զարգացմանն ու բարգավաճմանը, ներկայացնում է luxlux.net-ը։
Նոր նախագիծը ստացել է Madinat al-Hareer անվանումը, ինչը նշանակում է «Մետաքսե քաղաք»։ Քաղաքի համար արդեն հատկացվել է հսկայական տարածք և մշակվել է ճարտարապետական նախագիծը։ Գերժամանակակից մեգապոլիսը տեղակայված կլինի մայրաքաղաք Էլ-Քուվեյթից ընդամենը 26 կմ հեռավորության վրա։
Քաղաքի բնակիչներին մայրաքաղաքի հետ կկապի հսկայական Jaber Al Ahmed կամուրջը, որի երկարությունը կլինի մոտ 22.5 կմ։ Հեքիաթային քաղաքի կազմում կլինեն նաև 2 լրացուցիչ արհեստական կղզիներ։
Բազմաթիվ գեղեցիկ շինությունների կողքին քաղաքում կլինեն նաև կամուրջներ, մեծ մարզահամալիր, առևտրային կենտրոն, ինչպես նաև աշխարհի ամենաբարձր երկնաքերը։ Այդ շինության բարձրությունը կլինի խորհրդանշական՝ 1001 մետր։
Madinat al-Hareer քաղաքը կդառնա Քուվեյթի խոշորագույն տրանսպորտային կենտրոնը։ Այստեղ կկառուցվի միջազգային օդանավակայան, ինչպես նաև մեծ նավահանգիստ՝ Իրանից և Իրաքից եկող նավերի համար։ Նոր քաղաքը բաժանված կլինի 3 պայմանական գոտիների՝ գործնական և մշակութային կենտրոն, հանգստի գոտի։
Հսկայական շինարարության ավարտը նախատեսված է 2023-ին։