Գերմանացի դիզայները ներկայացրել է իր հարմար և կոկիկ հայտնագործությունը՝ առաջին հեծանիվն աշխարհում, որը հնարավոր է վարել ոտքերով և ձեռքերով միաժամանակ, գրում է Daily Mail-ը:

Ինքնատիպ սարքը ստացել է Varibike անվանումը: Այն սովորական հեծանիվ է՝ ավանդական ոտնակներով, սակայն համալրված ձեռքերի համար նախատեսված երկու բռնակներով, որոնցով ևս հնարավոր է վարել այն, ինչն ավելի հեշտ և արագ է դարձնում վարելու գործընթացը:

Varibike-ը թույլ է տալիս ողջ մարմինն օգտագործել հեծանիվը վարելիս: Գյուտի հեղինակն է 43-ամյա Մարտին Քրեյսը, ում պնդմամբ՝ այն ավելի արագ է ընթանում, քան սովորական հեծանիվը:

Ալյումինե հեծանիվը կշռում է 15 կգ և արժե մոտ 4 000 ֆունտ ստերլինգ: Ցանկացողները կարող են ձեռք բերել սպիտակ, սև և ոսկեգույն օրինակները: