Ամբողջ աշխարհում հասարակության կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց ալերգիայի դեպքերը շատանում են: Ալերգիան համարվում է դարի հիվանդություն, քանի որ այն չունի տարիք և կարող է առաջանալ ինչպես նորածնի, այնպես էլ տարեց մարդու մոտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ալերգիայով տառապում է զարգացած երկրների բնակչության մոտ 50 տոկոսը: Կանխատեսումների համաձայն, ալերգիայից առաջացած մահացությունները սպառնում են գրավել առաջին տեղը' առաջ անցնելով սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից: Ընդ որում, հիվանդների թիվը յուրաքանչյուր 20 տարում կրկնապատկվում է. պատճառը քաղաքակիրթ աշխարհում գերակշռող արհեստական, հատկապես քիմիական տարրերն են:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում ալերգիկ երևույթները տարածված են բնակչության 15-16 տոկոսի շրջանում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյաննասաց, որ թեև ալերգիաների ծաղկման շրջանը սկսվում է գարնանը, սակայն ամռանը' տաք և արևոտ օրերն սկսվելուն պես բազմաթիվ մարդկանց մոտ ևս նկատվում են ալերգիկ նշաններ: Ալերգիաների պատճառներն են արևը, միջատների խայթոցները, չոր եղանակը: Ալերգիաները մարդկանց մոտ արտահայտվում են դժվար շնչառությամբ, ալերգիկ հարբուխի տեսքով, արցունքահոսությամբ, քորով, ցանով:
Ա.Բաղդասարյանի խոսքերով' ամռանը հիմնականում սրվում են շնչառական ալերգիաները՝ ալերգիկ հարբուխներ, ասթմա: Բացի այդ, սրվում են մաշկային տիպի ալերգիաները, որոնք կարող են արտահայտվել ատոպիկ դերմատիտի (ալերգիկ մաշկաբորբ) և ֆոտոդերմատոզների ձևով, որոնք այնքան էլ ճիշտ չէ ալերգիա անվանել, սակայն հաճախ մարդիկ դրանք ալերգիա են անվանում, երբ արևի ճառագայթների հետ կապված բորբոքում է առաջանում:
«Ալերգիաներից պաշտպանվել մի քիչ դժվար է, քանի որ մեզանից կախված չէ վերահսկել ծաղկեփոշիների մակարդակը, ուղղակի պետք է ճշտել ինչի նկատմամբ ունեն ալերգիա և որոշել սեզոնայնությունը, որի ընթացքում ստանալ համապատասխան բուժում: Սեզոնն ավարտվելուց հետո էլ կարելի է սկսել կոնկրետ ալերգենի դեմ ուղղված բուժում, որը կոչվում է ալերգիկ վակցինացիա»,- ասաց Ա.Բաղդասարյանը:
Իսկ ամռանը մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղղակի ճառագայթներից, կրել պաշտպանիչ հագուստ և օգտագործել պաշտպանիչ քսուկներ: «Ամռանը պետք է կրել բաց գույնի բամբակյա հագուստներ, որոնք որոշ չափով կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե ալերգիաները հնարավոր չէ բուժել, Ա.Բաղդասարյանն ասաց, որ կան ալերգիաներ, որոնք իսկապես չեն բուժվում, օրինակ' դեղորայքային ալերգիաները: Այդ դեպքում պարզապես պետք է զերծ մնալ տվյալ դեղորայքի ընդունումից:
Ըստ նրա' սեզոնային ալերգիաները նույնպես չեն բուժվում: «Սակայն կան ալերգիաներ' ռենիտը, ասթման, որոնց բուժման հավանականությունը 80 տոկոս է կոնկրետ ալերգենի դեմ ուղղված բուժման դեպքում: Իսկ միջատների խայթոցից առաջացող ալերգիաները, որոնք վտանգավոր են և կարող են նույնիսկ մահ առաջացնել, 90 տոկոսով բուժվում են թերապիայի միջոցով»,- ասաց Ա.Բաղդասարյանը:
Ալերգոլոգի խոսքերով' Հայաստանում վերջին տարիներին ալերգիկ հիվանդությունների աճ է նկատվում: Ըստ նրա' թեև պաշտոնական տվյալներով Հայաստանում ալերգիաների տարածվածությունը մեծ չէ, սակայն ոչ պաշտոնական հետազոտությունների համաձայն' սեզոնային ալերգիաների տարածվածությունը մեզ մոտ հասնում է 15-16 տոկոսի:
Ալերգիաներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, իսկ մայրերին կոչ է անում' երեխաներին կերակրել կրծքով, քանի որ վերջինս միակ ապացուցված եղանակն է, որը ինչ-որ չափով նվազեցնում է ալերգիայի ձեռքբերումը: