Ռուսաստանի սիրված աստղ Բորիս Մոիսեևը սովորաբար համերգներին ելույթ է ունենում աներևակայելի կոստյումներով՝ փայլուն վերնաշապիկներով, վզնոցներով, շրթներկով: Մոիսևին սիրում են բոլորը՝ և՛ իշխանությունները, և՛ սովորական քաղաքացիները, չնայած որ նա բացահայտ ցուցադրում է միասեռականություն, և նրա համերգների մեծ մասը չափազանց էպատաժային են՝ անգամ գեյ-շքերթների չափանիշերով, գրում է The Atlantic-ը, որի հոդվածը փոխանցում է inosmi.ru-ն:

Եվ սա այն Ռուսաստանն է, որտեղ բնակչության 16 տոկոսն է համարում, որ հասարակությունը պետք է հանդուրժող լինի միասեռականների հանդեպ, և որտեղ վերջերս ընդունվել է օրենք, որն արգելում է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը հրապարակայնորեն քարոզելը:

Ֆիլիպ Կիրկորովը՝ բոլոր համերգների անփոխարինելի աստղը, երբեք բացահայտ չի հայտնել իր միասեռականության մասին, մինչդեռ նրա գլամուրային դիմահարդարման հաստ շերտը և օպերային երգչուհու հիշեցնող կերպարը շատերին ստիպում են մտածել նրա սեռական կողմնորոշման մասին:

 

Սկսած երկար շիկահեր մազերով և շուրթերի փայլով Սերգեյ Զվերևից վերջացրած Զեմֆիրայով, ով, համաձայն լուրերի, հանդիպում է ռուս մի դերասանուհու հետ, շատ հայտնի ռուս երաժիշտներ և կատարողներ գեյ են, բիսեքսուալ կամ տրանսվեստիտ։

Վերջերս թոք շոուներից մեկի ժամանակ Նիկիտա Ջիգուրդան անուններ թվարկեց՝ Կիրկորով, Մոիսեև, նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթանակ տարած Դիմա Բիլան։ «Դո՛ւրս եկեք ստվերից, քանի դեռ ուշ չէ»,-ասել էր նա։

Հոդվածում հիշատակվում է գունավոր երկար հագուստներով հանդես եկող Վերկա Սերդյուչկայի մասին: Նշվում է «Руки Вверх» խմբի տեսահոլովակի մասին. ««Անվտանգ» երգերից մեկի տեսահոլովակում երևում են կադրեր, որտեղ տղամարդը դիմահարդարում է անում, իսկ մեկ այլ տղամարդ քայլում և գրկախառնվում է շիկահեր կնոջ հետ, ով տեսահոլովակի վերջում հանում է կեղծամը՝ դառնալով տղամարդ»:

Ռուսական էստրադայի աստղերի ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ կապված լուրերն ակնհայտորեն միայն օգնում են նրանց ճանաչված դառնալուն, գրում է The Atlantic-ը՝ օրինակ բերելով «Տատու» խմբին, որը հայտնի դարձավ ողջ աշխարհին, երբ նրանց մենեջերը հայտարարեց, որ աղջիկները լեսբուհիներ են:

Սթիվեն Ամիկոյի խոսքով, ով գիրք է գրում միասեռականության և ռուսական էստրադայի մասին, ռուսական ոչ մեծ քաղաքների բնակիչներն իրեն հայտնել են, որ իրենց դուր է գալիս այս աստղերի էպատաժային լինելը և հագուկապը, որովհետև դա գույներ է հաղորդում իրենց մռայլ ու անգույն գոյությանը։