Operativ.am-ի հյուրն է հայտնի հումորիստ, հաղորդավար և տաղանդավոր երգիչ Արամ Սարգսյանը՝ նույն ինքը Արամ MP3-ն: Նա պատասխանել է մեր «եթե…» հարցերին և խոսել իր ամենամեծ ձեռքբերումի և երջանկության մասին:
-Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք:
-Երևի թե կորոշվեի շուտ ազատվել դրանից, որովհետև հեքիաթներից մեզ հայտնի է, որ դա լավ ավարտ չի ունենում գլխավոր հերոսի համար: Իսկ եթե լուրջ, իրականում շատ բաներ կան անելու՝ սկսած համամարդկային նշանակության գործողություններից, մինչև անձնական հարցեր: Միայն լավ բաներ կանեի:
-Եթե հնարավորություն ունենայիք ժամանակը 5 տարով առաջ տալ, ո՞ր իրավիճակում կցանկանայիք հայտնվել:
-Կրկին կլինեի Հայաստանում, կցանկանայի մարդկանց ավելի ուրախ և երջանիկ տեսնել, իսկ մեր երկիրը՝ շենացած:
-Եթե հայտնվեիք հրաշքների աշխարհում, ինչպիսի՞ հրաշքի կցանկանայիք հանդիպել:
-Կցանկանայի թափանցիկ, ավելի ճիշտ՝ անտեսանելի լինել: Այդպես որոշ հարցերիս պատասխանները կգտնեի:
-Եթե լինեիք Ռոբինզոն Կրուզոյի փոխարեն, ինչպե՞ս կկազմակերպեիք Ձեր կյանքը:
-Չեմ եղել նրա փոխարեն: Նրա մոտ այլընտրանք չկար: Ամեն դեպքում բնության տված բոլոր հնարավորությունները կօգտագործեի: Կփորձեի որքան հնարավոր է հույսս չկտրել և սպասել հրաշքի:
-Եթե կարողանայիք անցյալից որևէ բան ետ բերել, ի՞նչ կվերադարձնեիք:
-Կցանկանայի ետ բերել այն մարդկանց, ովքեր հարազատ են եղել ինձ: Օրինակ՝ Վարդուհի Վարդանյանին:
-Եթե հնարավորություն լիներ որևէ մեկից ներողություն խնդրել, ապա ով կլիներ այդ մարդը:
-Քանի որ ես չեմ ամաչում այդ արտահայտությունից, հարկ եղած ժամանակ բոլորից խնդրում եմ, եթե սխալ եմ լինում, տվյալ պահին այդպիսի մարդ չկա, որ ներողություն խնդրեմ:
-Ամենասիրած արտահայտությունը…
-«Ամեն ինչ լավ կլինի»: Ցանկացած իրավիճակում պոզիտիվ տրամադրությունն ամենակարևորն է:
-Իսկ չսիրա՞ծ…
-«Չի ստացվում»:
-Ամենասպասված անակնկալը...
-Երևի թե երեխայիս ծնունդը:
-Ո՞րն է երջանկության Ձեր գաղտնիքը:
Ամեն մարդ իր գաղտնիքն ունի, ամեն մարդ իր երջանկությունն այլ կերպ է պատկերացնում: Իմ դեպքում երևի թե այն, որ ամեն ինչում փորձում եմ լավատեսել լինել, այսօրվա օրով ուրախ լինել, որ դու կաս:
-Ամենամեծ ձեռքբերումը:
Գլոբալ կպատասխանեմ՝ իմ հանդիսատեսը:
Զրուցեց Նազենի Բաղդասարյանը