«Երեկվա օրս սպասվածից ավելի լավն էր: Գնացել էի տատիկիս տեսնելու: Մտածում էի՝ ավելի վատ կտեսնեմ նրան, բայց մեջս հույս արթնացավ, որ մեկ ամիս էլ մեր հետ կլինի, ու …»: Թերևս նման մտքերը կարող ես հանձնել թղթին' ինքդ քեզ խոստովանելով այն, ինչը կդժվարանաս բարձրաձայնել: Տետրը, որտեղ գրառումներ կկատարես, անվանիր հուշատետր, օրագիր, կամ էլ կյանքի օրագիր, միևնույնն է, այն քո ամենամտերիմ ընկերն է, որին վստահում ես նույնիսկ ամենաանմեղ գաղտնիքը:
Բացում ես տետրը ու սկսում գրել: Գրել անցած օրվա, վաղվա կամ երազանքի մասին: Վերլուծում եղածն ու չեղածը' սրտովդ էր, կուզեիր ավելի լավ լիներ, սպասում էիր ուրիշ ավարտի… Բողոքում ես զգեստիդ լայն կամ նեղ լինելուց, դժգոհում կյանքի դրվածքից, ժպտում մայրիկին նվիրած ծաղիկներին, որ պատուհանագոգին են: Դու ես ընտրում, ինչ ուղղությամբ տանես գրիչդ՝ կյանքիդ ժամերը գրես, թե՞ թեթևակի անցնես տարիների վրայով: Կյանքի օրագիր պահել դպրոցական տարիքո՞ւմ, թե՞ կյանքի վաղ շրջանում, երբ քեզանից բացի ուրիշ բարեկամ չունես, ընտրում ես ինքդ:
Իսկ դու վերհիշեցի՞ր քո կյանքի օրագիրը: Ինչպիսի՞ն էր: Գունավո՞ր: Նկարազա՞րդ, թե՞ միայն սպիտակի վրա սևով գրված:
Մեկն ընտրում է տետրը՝ որպես ժամանց, մյուսը' ընկեր, երրորդը' ամենամտերիմն այս աշխարում:
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր-տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը փաստում է, որ կյանքի օրագիր պահում են հիմնականում աղջիկները, այն էլ՝ դեռահասության տարիքում. «Ուզում են լսելի, հասկացված լինել, դրա համար էլ սկսում են ինչ-որ մեկին, տվյալ դեպքում՝ օրագրին պատմել: Կյանքի օրագիր ունեցողներն ինքնահաստատման ոչ մի խնդիր չունեն, այլ ունեն ընկեր, որի հետ կարող են լինել անկեղծ, քննարկել այս կամ այն հարցը ու լինել այնպիսին, ինչպիսին կան, որը վատ տարբերակ չէ»,- ասում է հոգեբանը:
Ըստ նրա՝ հոգեբանական առումով այն օգնում է մարդուն, քանի որ կյանքի օրագիրը տարբեր տարիքում ունի իր նշանակությունը. դեռահասության տարիքում կարող է ուղղակի շփման պակասը բավարարել, իսկ ավելի մեծ տարիքում' մտքերն արհատայտել, վերլուծել:
Արձակագիր, նովելիստ Ֆրանց Կաֆկան 1910 թվականին իր օրագրում գրել է.
«Ես հստակորեն գրում եմ այս էջերը հուսահատությունից դրդված' իմ մարմնի առիթով, իմ մարմնի ապագայի առիթով»:
«Քնեցի, արթնացա, քնեցի, արթնացա. խղճուկ կյանք»:
«Ես այլևս չեմ թողնի օրագիրը: Այստեղ պիտի պահպանեմ ինքս ինձ, որովհետև միայն այստեղ է, որ կարող եմ»:
Կյանքի օրագիր ունենալու մասին խոսեցինք նաև մեր շոուբիզնեսցիներից մի քանիսի հետ:
Քրիստինե Պեպելյան
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երբևէ չի ունեցել կյանքի օրագիր. «Մտքովս չի անցել, ուղղակի չեմ ունեցել»: Առհասարակ, նման տետր ունենալու գաղափարը երգչուհուն դուր է գալիս: Այն համարում է կազմակերպված մարդու զբաղմունք: Մտածում է, որ շատ լավ հիշատակ է կյանքի համար: «Կարդում ես, ու արթնանում են հիշողությունները»,- ավելացրեց երգչուհին:
Անուշիկ Ալավերդյան
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի կյանքի օրագիրը դպրոցական տարիքում էր, սակայան մտաբերել չի կարողանում: «5 կամ 6-րդ դասարանում եմ օրագիր պահել, կամ գուցե ավելի փոքր տարիքում… Տետրի բովանդակությունը պրիմիտիվ հարցեր էին, ու հիշում եմ, որ բոլոր համադասարանցիներս ունեին»,- ասաց երգչուհին: Անուշիկի կյանքի օրագիրը վաղուց չկա, չի էլ հիշում, երբ է վերջին անգամ գրառում կատարել:
Նարինե Դովլաթյան
Երգչուհի Նարինե Դովլաթյանն ունեցել է կյանքի օրագիր. գրել է 8 տարեկանից մինչև 19-ը: Տետրերը մինչ օրս էլ խնամքով պահում է գյուղում: Ըստ երգչուհու՝ ինքը հուզական անձնավորություն է, իսկ իր տեսակի մարդու համար օրագիր պահելը սխալ է կարծում. «Կարդում ես, վերհիշում, տխրում»: նարինեի խոսքերով՝ գրառումների մեջ և´ ուրախ, և´ տխուր պատմություններ կան: Դրանք գրվում էին հիմնականում գիշերը. թեմաները Նոր տարվան էին նվիրված, որտեղ ամփոփվում էր տարին: «Ամեն տարի մատծում եմ՝ գնամ, վառեմ, բայց երբեք համարձակությունս չի ներել: Հիմա ցանկություն չունեմ գրելու. ժամանակ ունեմ, բայց չեմ գրում: Կան դեպքեր, երբ չես ուզում գրել, ուզում ես մոռանաս: Իսկ կարդալով' վերհիշում ես»,- ավելացրեց Նարինեն:
Հռիփսիմե Հակոբյան
«Փոքր տարիքում ունեցել եմ օրագիր»,- խոստովանում է Հռիփսիմե Հակոբյանը ու ավելացնում, որ ցանկություն ունի նորից գրել, բայց ժամանակ չի գտնում: Կյանքի օրագրին Հռիփսիմեն լավ է վերաբերվում: Վերջին անգամ գրառում կատարել է 4 կամ 5 տարի առաջ, բայց դժվարանում է մտաբերել' ինչ է գրել: « Հետաքրքիր է. կարդում ես, վերհիշում, թե տարիներ առաջ ինչպիսին էիր, հիմա ինչպես ես մտածում: Օրեցօր մտածելակերպը փոխվում է»,- ավելացրեց երգչուհին: Ըստ Հռիփսիմեի՝ մանկության տարիներին էր շատ գրում, բայց երբեք չի ցանկանա վերադառնալ մանկություն: «Յուրաքանչյուր տարիք ունի իր յուրահատկությունը»,-եզրափակում է Հռիփսիմեն:
Ժամանակին օրագիր պահած Մելանյա Հարությունյան