Բրիտանացի վարորդներին կարգելվի ղեկի վրա գտնվելու դեպքում կրել ֆուտուրիստիկ Google Glass սարքը, որն իրականում համակարգչի մի շարք հատկանիշներով օժտված կրելի ակնոց է, գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի վարչությանը:
Google Glass-ը փոքր էկրան ունի ակնոցի անկյուններից մեկում, որի միջոցով հնարավոր է զանգեր կատարել, համացանց մտնել, էլեկտրոնային փոստը ստուգել, ուստի մտավախություն կա, որ մեքենա վարելու ժամանակ այն կարող է շեղել վարորդի ուշադրությունը՝ դառնալով վթարի պատճառ:
Հիշեցնենք, որ Google Glass-ի վրա արգելանք են դրել նաև ամերիկյան խաղատներն ու գիշերային ակումբները՝ իրենց հաճախորդների անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար:
Ըստ տարբեր աղբյուրների՝ ֆուտուրիստիկ ակնոցները ներկայում մշակման փուլում են և վաճառքի կհանվեն եկող տարի: Դրանց գինը կկազմի 1500 դոլար: