Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, տարբեր սերիալներից իր կերտած կերպարներով հայտնի Ալբերտ Սաֆարյանի ծննդյան օրն է:
Դերասանը նշում է ծննդյան 50-ամյակը, ինչ կապակցությամբ էլ այսօր' կեսգիշերից, բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել:
esyes.am-ի հետ զրույցում պրն Սաֆարյանը նշեց. «Որ ճիշտն ասեմ, ինձ գիշերվանից այնքան մարդ է զանգել, որ հիմա չեմ էլ կարող հիշել, թե ով է ինձ առաջինը շնորհավորել. միայն կասեմ, որ քույրերս առաջիններից են»:
Ըստ դերասանի' ծննդյան տոները շքեղ նշել առանձնապես չի սիրում, ու այս տարի էլ բացառություն չի անի:
«Ոչ մի անգամ արտասովոր ինչ-որ բան չեմ արել, ոչ մեկի չեմ հրավիրել. ով հիշել է, եկել է, ու ասեմ, շատերն են հիշում :) Այս տարի էլ մեր տանը կհավաքվենք, գործընկերներիցս ոչ մեկ ներկա չի լինի, քանի որ ընտանեկան հավաքույթ ենք կազմակերպելու»,- հավելեց դերասանը:
Նա արդեն հասցրել է նվերներ ստանալ, որոնց մասին նաև ասաց. «Ես ավելի շատ սիրում եմ նվիրել, բայց, ինչ խոսք, ստանալն էլ շատ հաճելի է. քույրերիս կողմից արդեն հասցրել եմ մի քանի նվեր ստանալ»,- ասաց Ալբերտ Սաֆարյանը:
esyes.am-ը շնորհավորում է դերասանին և նորանոր հաջողություններ մաղթում: