Կիբերանվտանգության մասնագետ ազգությամբ թուրք Իբրահիմ Բալիջը իր վրա է վերցրել Apple ընկերության կայքի վրա կատարած կիբերհանցագործության պատասխանատվությունը, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։

Սակայն Բալիջը վստահեցնում է, որ մտադիր չի եղել գողանալ օգտատերերի տվյալները, այլ ցանկացել է ապացուցել, որ դրանք արդեն դուրս են գալիս համակարգից։ Նա YouTube-ում տեղադրել է տեսանյութ, որում բացատրում է, որ կայքն ի սկզբանե խոցելի է հարձակման համար, և ավելացնում. «Ես հայտնել եմ ընկերությանը իմ գտած բոլոր սխալների մասին և սպասել, որ նա հաստատի այդ տեղեկության հրապարակումը»։ Ինչևէ, պատասխան ընկերության կողմից չի եղել, դրա փոխարեն հայտնել են հաքերական հարձակման մասին։

Բալիջը հարցազրույցում նշել է, որ չի ցանկացել ոչ մեկի վրա հարձակվել։ «Ընդհանուր առմամբ, ես գտել եմ 13 սխալ համակարգում և հայտնել անմիջապես ընկերությանը։ Իմ նպատակն է եղել հայտնել սխալների մասին և հավաքել տվյալներ՝ պարզապես հասկանալու համար, թե որքան հեռու ես կարող եմ գնալ»,- ասել է թուրք ծրագրավորողը։