Լորին անունն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ «Եվրատեսիլ» մրցույթից, որտեղ այս 29-ամյա հաճելի ձայնով աղջիկը հաղթանակ տարավ: Նրա «էյֆորիական» տրամադրությունը կիսեց ամբողջ աշխարհը: Լորինի (Loreen) «Էյֆորիան» շրջադարձային հաջողություն բերեց նրան, բազմաթիվ երկրներում այն դարձավ հիթ, իսկ երգչուհին ձեռք բերեց միլիոնավոր երկրպագուներ աշխարհի յուրաքանչյուր անկյունում:
Մամուլը Լորինին «հանելուկ-աղջիկ» անվանեց: Նրա կենսագրության մասին քիչ բան է հայտնի:
Շվեդ երգչուհի Լորին Զինեբ Նորա Թալհաոուին արմատներով Մարոկկոյից է, ծնվել է 1983թ. հոկտեմբերի 16-ին: Շատ շուտով նրա բազմանդամ ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Լորինը 12 տարեկան էր, երբ մահանում է նրա հայրը: 7 երեխաների խնամքն ամբողջովին ընկնում է մոր ուսերին: «Մայրս ինձ համար օրինակ է, իդեալ: Նա անհավանական երևույթ է այս կյանքում: Մայրս շատ պինդ, ուժեղ ռազմիկ է»,- ռուսական թերթի հետ հարցազրույցում ասել է Լորինը:
Շատ փոքր տարիքից ձևավորվում է աղջկա ինքնուրույնությունը, կազմակերպչական ջիղը: Տանը կազմակերպած իր մենահամերգներին Լորինը հանդսիատես էր դարձնում ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև բակի երեխաներին: «Երբ ես երեխա էի, ընտանիքով հաճախ էինք մեկնում Մարոկկո' տատիկիս մոտ: Մենք երեխաներով հավաքվում էինք և թմբուկ նվագում, երգում: Երաժշտությունը մեր տարերքն է»:
Երաժշտական Օլիմպում իր առաջին հաջողությանը Լորինը հասավ 2004թ. շվեդական երաժշտական մրցույթում' «Idol 2004», որտեղ աղջիկը մտավ կիսաեզրափակիչ և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այս ընթացքում Լորինը հանդիպում էր մրցույթի մեկ այլ մասնակցի' Դանիել Լինդստորմի հետ: Երեք տարի համատեղ կյանքից հետո զույգը բաժանվում է: «Չեմ սիրում մեկնաբանել իմ հարաբերությունները, պարզապես չհասկացանք միմյանց, բայց հիմա ընկերներ ենք»:
Մեկ տարի անց երգչուհին ծանոթանում է շվեդական երաժշտական խմբի հետ' RobnRaz, որի հետ էլ թողարկում է իր առաջին համատեղ սինգլը' The Snake. Այն շատ արագ ճանաչվածություն բերեց նրան իր հայրենիքում:
Լորինը մեկ տարի ամբողջովին հեռանում է բեմից, համերգներից, խուսափում հանդիպումներից: Իսկ այդ տարօրինակ դադարից հետո Լորինի բարեկամներն ու ծանոթներն անգամ դժվարությամբ էին նրան ճանաչում: Մի փոքր թմբլիկ դեմքից մնացել էին միայն լավ արտահայտված այտոսկրերը, փքված գանգուրներից՝ երկար, սև ու հարթ մազեր: Սա շշմեցնող փոփոխություն էր:
2012-ի մարտին Լորինը հաղթող է դառնում «Melodifestivalen» հեռուստամրցույթում, որն էլ տալիս է նրան «Եվրատեսիլ 2012»-ի ուղեգիր: «Ես գնացել էի հաղթելու, բայց սրտիս խորքում չէի էլ հավատում, որ կարող է այդպես հաջողությունը դեպի իմ կողմը թեքվել: Ես իսկապես էյֆորիայի մեջ էի. երբ ուշքի եկա, բոլորը ինձ շնորհավորում էին, համբուրում: Ես մտածում էի' Աստված իմ, այս որտե՞ղ եմ, ի՞նչ է կատարվում»: Լորինը դարձավ Եվրատեսիլ 2012-ի հաղթող իր «Euphoria» երգով: Հանդիսատեսին ցնցել էր նրա հանգստությունը բեմի վրա, ներդաշնակ պարն ու ձայնի հանգստացնող ուժը: «Երգն ազատության մասին է: Այն մասին, որ ազատություն պետք է լինի հարաբերություններում, ամենուր: Դա է ներդաշնակության գրավականը»:
Ի դեպ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ միջոցառումը տեղի էր ունենում, Լորինը զբաղվում էր ոչ միայն երգով, այլև հավասարություն քարոզելով: Լորինը լուրջ զբաղվում է նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ' առանձնակի տեղ տալով կանանց իրավունքներին: «Մեր ժամանակներում, որ թվում է, թե քաղաքակրթությունը դարձել է ապրելաձև, անհանդուրժելի է այն անհավասարությունը, այն բարդությունները, որ ստեղծվում են մարդու առաջ միայն այն պատճառով, որ նա կին է»:
Եվրատեսիլից հետո Լորինի կյանքը շրջադարձային կերպով փոխվում է: Նա ձեռք է բերում ճանաչում, միլիոնավոր երկրպագուներ, ովքեր աշխարհի ամենատարբեր ծայրերում սպասում են իրենց սիրելի երգչուհու ելույթներին: «Եվրատեսիլից հետո ես կորցրի միայնակ մնալու հնարավորությունը: Անվերջ թռիչքները, հարցազրույցները, մարդիկ… Ես սարսափով եմ գիտակցում, որ այս ամենը ինձ դեռ երկար տարիներ ուղեկցելու են»:
Լորինը երաժշտության հետ համատեղ ակտիվ զբաղվում է նաև յոգայով: Նա սիրում է առանձնանալ, խորհել, ինքն իր հետ վիճել, հանդարտվել: «Ես երկար տարիներ զբաղվում եմ յոգայով: Այն ինձ հանգստացնում է, բերում հոգեկան հավասարակշռության: Մեդիտացիաներն իմ առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Եվրատեսիլում իմ ելույթից առաջ էլ ես 1 ժամ հյուրանոցի համարում մեդիտացիա էի անում»:
Այն բանից հետո, երբ Լորինը հայտնի դարձավ լայն հասարակության համար, սկսվեցին քննարկումներ նրա հավատի, սեքսուալ կողմնորոշման և նույնիսկ սեռի մասին: «Ինձ և ընտանիքիս հունից հանում է այդ բամբասանքը: Ես տրանսվիստիտ չեմ, ես կին եմ: Այդպիսի անմիտ բամբասանքը ես բազմիցս հերքել եմ' ցուցադրելով իմ մանկության նկարները, տեսագրությունները»:
Իսկ այ սեքսուալ կողմնորոշության հարցում Լորինն իր տեսակետն ունի: «Ամենևին կարևոր չէ, թե ինչ սեր եք դուք զգում: Չէ որ դուք սիրահարվում եք ոչ թե մարմնին, սեքսին, այլ մարդու հոգուն: Սխալ կլինի ասել, որ ինձ միայն տղամարդիկ են դուր գալիս: Ես պարզապես ուզում եմ գտնել իմ սերը»: Լորինը երբեք չի թաքցնում, որ բիսեքսուալ է, բայց և հերքում է, որ երկարատև կապ է ունեցել որևէ կնոջ հետ: Առհասարակ նա միշտ ասում է, որ ժամանակ չունի անձնական կյանքը դասավորելու: «Անիմաստ է ինձ անձնականից հարցեր տալը: Ես այն չունեմ: Իմ կյանքի ռիթմով շատ դժվար է որևէ հարաբերություն ունենալ: Ես չունեմ այդ ժամանակը: Բայց ես միշտ բաց եմ սիրո համար»:
Հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է, որ իրականում շատ ամաչկոտ և համեստ անձնավորություն է: Նրան տրանսի մեջ կարող է գցել լավ երաժշտությունը: «Երաժշտությունը, որ ինձ ոգեշնչում է, նման է տրանսի մեղեդայնությամբ և վոկալով: Դա այնպիսի կատարողներ են, ինչպես օրինակ Բորկը և հատկապես Լիզա Ջերարդը»:
Բոլորովին վերջերս' հոկտեմբերի 24-ին, թողարկվեց Լորինի առաջին ալբոմը' «Heal»: Ալբոմում ներառված երգերը մի քանի տարիների աշխատանք են, իսկ երգերի կոմպոզիցիաների մի զգալի մասը պատկանում է հենց երգչուհուն: «Ես այնքան երկար եմ զբաղվել երաժշտությամբ, որ դրա ստեղծումը այն չէ, ինչ ես կարող եմ նոր բան համարել ինձ համար: Այդ պատճառով էլ դժվար թե կարողանամ ես այն դեբյուտային համարել»:
Դե ինչ, Լորինի կարիերայի մեկնարկը համաշխարհային մասշտաբով տրված է, մնում է նրան հաջողություն մաղթել' իր էյֆորիական տրամադրությամբ:
Պաշտում եմ ձմեռը, պաշտում եմ ձյունը: Կարող եմ ժամերով խոսել ձյան հետ, ու հավատացեք, լսում եմ նրա արձագանքը, պատասխանները:
Այնքան անմիտ է չանել մի բան, ինչ Ձեզ դուր է գալիս, ինչ զգում եք, ինչ ուզում եք… Վարվեք այնպես, ինչպես սիրտն է թելադրում, և Դուք երջանիկ կլինեք:
Մի խաբեք ինքներդ Ձեզ, մի ձևացեք: Թողեք այդ ավելորդությունները ու զգացեք՝ ինչքան հաճելի է սեփական դեմքով ներկայանալ:
Երբ ես վերջին անգամ իմ հայրենիք էի գնացել' Մարոկկո, իմացա, որ զարմուհիներիցս մեկին 13 տարեկանում ամուսնացրել են: Դա դեռ քիչ է, 40 տարեկան տղամարդու հետ: Նույնը ինձ հետ կլիներ, եթե ծնողներս չտեղափոխվեին Շվեդիա:
Միշտ ձգտում եմ ազատության, բայց անում եմ ամեն ինչ, որ չդառնամ դրա գերին:
Ես ոչ մուսուլման եմ, ոչ քրիստոնյա… Երբ մի փոքր հասունացա, հրաժարվեցի որևէ կրոնի հավատալ: Կարելի է ասել, որ այժմ չունեմ ոչ մի կրոնական պատկանելություն:
Նելլի Ղարիբյան