Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այսօր կազմում են զբաղված բնակչության 50%-ը։ Կանայք ավելի ու ավելի ակտիվ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում պետական կազմակերպություններում և մասնավոր ընկերություններում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում վերջին 30 տարվա ընթացքում աշխատող ամերիկուհիների թիվն ավելացել է՝ 44 մլն-ից հասնելով 72 մլն-ի։ Սակայն այս դրական միտումն ունի նաև որոշակի խնդիրներ, գրում է tert.am-ը՝ հղում տալով vestifinance.ru-ին։

Աշխատավայրում տղամարդու և կնոջ հիմնական տարբերությունները (այդ թվում նաև շփումը, հանձնարարությունների կատարումը և սթրեսի հաղթահարումը) վերլուծում են Բարբարա Անիսը և Ջոն Գրեյն իրենց «Աշխատիր ինձ հետ» (Work With Me) գրքում։ Նրանց կարծիքով՝ կա 4 առավել վտանգավոր գենդերային խնդիր։

1. Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են ընկալում աշխատանքային գործունեության և անձնական կյանքի միջև եղած հավասարակշռությունը

Կանայք, որպես կանոն, ավելի շատ են արձագանքում ընկերության տարբեր պահանջներին, այն դեպքում, երբ տղամարդիկ հաճախ կենտրոնանում են մեկի վրա։ Օրինակ՝ եթե աշխատակիցը խնդիր ունի, ապա կին ղեկավարն ավելի հեշտ կհասկանա նրա բարդ իրավիճակը, կարծում են հեղինակները։ Գրքի համար 2400 կանանց շրջանում անցկացված հարցման համաձայն՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք առավել հաճախ աշխատանքից ազատվում են անձնական խնդիրների պատճառով։ Մյուս կողմից, տղամարդիկ նախընտրում են ստատուս-քվո։ Տասնամյակներ շարունակ ուժեղ սեռի ներկայացուցիչները կազմել են զբաղված բնակչության մեծ մասը, և նրանք սովոր են մենեջմենթի և կորպորատիվ մշակույթի ավանդական տեսակներին, համաձայն որոնց տղամարդը պետք է աշխատանքը նախընտրի ընտանիքից։

2. Կանայք համաձայնություն են ուզում, տղամարդիկ՝ արագ լուծում

Կանայք հաճախ են հարցեր տալիս, ինչն օգնում է «գաղափարների փոխանակմանը և բոլորին ձեռնտու որոշումների կայացմանը», գրում են հեղինակները։ Կանայք ձգտում են համաձայնության, ուշադրություն են հատկացնում մյուսների խնդիրներին և աջակցություն են փնտրում։ Այս ամենը, որպես կանոն, չեն սիրում անել տղամարդիկ։

3. «Ամեն ինչ ծանոթ տղաների համար» ակումբը շարունակում է գոյություն ունենալ

LinkedIn կայքի ստեղծող Ռիդ Հոֆմանը մի անգամ նշել է, որ բազմաթիվ կապերի առկայությունը նոր ռեզյումե է։ Ցավոք, տնտեսության որոշ ոլորտներում, այսպես կոչված, «Ամեն ինչ ծանոթ տղաների համար» ակումբում հայտնվելը դժվար է առանց կապերի։ Այդ պատճառով էլ կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին բավականին դժվար է դառնալ խոշոր ընկերությունների ղեկավար՝ առանց կապեր ունենալու։

4. Կանայք և տղամարդիկ երկխոսությունը տարբեր կերպ են վարում

Տղամարդիկ սիրում են մրցակցել և հաճախ ընդհատում են միմյանց երկխոսության ընթացքում՝ սեփական դիրոքորոշումը ներկայացնելու համար, այն դեպքում, երբ կանայք նախընտրում են համաձայնություն գտնել՝ լսելով բոլոր տեսակետերը։ Շփման երկու տեսակներն էլ կարևոր են յուրովի։