Google Play էլեկտրոնային խանութում հայտնվել է վիրտուալ ստեղնաշար Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, որը մշակվել է Google ընկերության կողմից, հայտնում է tert.am-ը` հղում տալով Lenta.ru-ին, որը հղում է տվել Google+ սոցկայքում հրապարակված հայտարարությանը:
Վիրտուալ ստեղնաշարն անվճար է, այն կարելի է տեղադրել Android 4.0 համակարգով աշխատող սմարթֆոններում և պլանշետներում:
Ստեղնաշարի ֆունկցիաները մի շարք հնարավորություններ են ընձեռում՝ տեքստի մուտքագրում՝ մատը էկրանից չհեռացնելով (ինչպես Swype կամ SwiftKey համակարգերում), հաջորդ բառի գուշակում, տառասխալների ավտոմատ ուղղում և ձայնային մուտքագրում:
Ստեղնաշարն արդեն կիրառվում է Nexus պլանշետներում և սմարթֆոններում: Այժմ Google-ը որոշել է այն թողարկել առանձին հավելվածի տեսքով: