Կա՞ն արդյոք զույգեր, որ երբեք չեն վիճում, կարծում ենք' ոչ: Բոլորն էլ երբեմն տրվում են բացասական էմոցիաներին ու սիրելի մարդուն ասում խոսքեր, որոնց համար զղջում են արդեն վայրկյաններ անց: LN-ի հետ պարզեք, թե ինչպե՞ս է կարելի է սկսել զղջմանը հաջորդող հաշտեցման պրոցեսը:
Նախ պետք է հիշել, որ հաշտեցման քայլ անել անմիջապես վեճից հետո չի կարելի: Հաճախ վիճաբանությունների ընթացքում կանայք տղամարդկանց վրա են թափում ներսում կուտակված ողջ բացասականնն ու նույն վայրկյանին էլ ասում. «Դե լավ, արի մոռանանք»: Սա ծիծաղելի է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարող է վեճի նոր ալիք առաջացնել, քանի որ տղամարդուն կթվա, թե Դուք ծաղրում եք իրեն: Վիճաբանությունից հաշտեցում տանող էտապը պետք է տևի գոնե մի քանի ժամ, որ ուղղակի անհրաժեշտ է թե' Ձեզ, թե' Ձեր կողակցին մտքերը հավաքելու համար: Հոգեբանները խորհուրդ են տալիս այդ մի քանի ժամվա ընթացքում տնային գործեր անել, օրինակ՝ ձեռքով լվացք: Դա կլիցքաթափի Ձեզ:
Հաշտության գնալու առաջին քայլը երբեք չպետք է մեղադրական տոն պարունակի: Մոռացեք «Լավ, արի հաշտվենք, բայց մեկ է' ամեն ինչում դու էիր մեղավոր» և նմանատիպ արտահայտությունների մասին: Վիճաբանությունից հետո պետք է ամբողջական խաղաղություն: Մոտեցեք նրան և ուղղակի ասեք այդքան անհրաժեշտ բառը' կներես: Կարող եք նաև ուղղակի ժպտադեմ անցնել առօրյա գործերին և, ասես ոչինչ չէր էլ եղել, նրան առաջարկել թեյ խմել: Մի հուսահատվեք, եթե Ձեր առաջին քայլից հետո նա չարձագանքի ու շարունակի նեղացած մնալ: Մարդիկ տարբեր են, և այդ քայլը նշանակում է, որ Ձեր սիրելիին մի քիչ էլ է ժամանակ պետք իր սխալը գիտակցելու համար: Այդպիսին են մարդիկ' մեկին բավական է 5 րոպեն, մյուսին մեկ օրն էլ հերիք չէ:
Կթվա, թե ինչ կա ավելի հեշտ, քան մոտենալ ու ներողություն խնդրել, բայց, արի ու տես, որ վիճաբանությունից հետո հենց դա է ամենաբարդը: Եվ այդ իսկ պատճառով առաջինը ինքներդ էլ հաշտվեք: Ոչ մի կերպ չե՞ք կարողանում ներողություն խնդրել: Դիմեք ժամանակակից տեխնոլոգիաների օգնությանը: Հաղորդագրություն ուղարկեք նրան, գրեք ֆեյսբուքյան էջին, կամ էլ պարզապես գրեք թղթիկին ու թողեք սեղանի վրա: Կա նաև մեկ այլ' հին, մանկական տարբերակ: Այդ մեթոդը կառաջացնի նրա ծիծաղը, ինչն էլ հաշտության գրավականն է: Մոտեցեք նրան, մեկնեք Ձեր ճկույթը և ասեք. «Հաշտվենք, հաշտվենք, հազար տարի չկտրվենք»:
Եվ վերջում հիշեք, որ վեճը նման է փայտի մեջ մեխ խփելու: Դուք սկզբից ամուր մեխում եք այն փայտին, իսկ հետո Ձեր հաշտության խոսքերով հանում այդ մեխը, բայց դրանից մնացած անցքը դիմացինի հոգու վրա խոր սպի է թողնում, այնպես որ աշխատեք չվիճել սիրելիների հետ: Չէ՞ որ դա առաջին հերթին հենց Ձեզ է տհաճ: