«Բոլորն էլ ցանկանում են ավելի շատ վաստակել, սակայն, երբեմն, որոշ ոչ օբյեկտիվ գործոններ, որոնք անվերահսկելի են, իրենց ազդեցությունն են թողնում աշխատավարձի վրա»- գրում է tert.am-ը:
Business insider-ը ներկայացնում է տարբեր երկրներում գիտնականների կողմից ուսումնասիրված մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել եկամտի վրա:
• Հասակ: Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ բարձրահասակ տղամարդիկ վաստակում են մոտ 1000 դոլար ավել, քան կարճ հասակ ունեցողները: Ըստ ուսումնասիրության տվյալների՝ բարձրահասակ մարդիկ, ենթադրաբար, ավելի խելացի և հզոր են դիտվում:
• Կանոնավոր մարզանքներ: Մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով հաճախում են մարզադահլիճ, ըստ Labor Research ամսագրի ուսումնասիրությունների, 9 տոկոսով ավելի են վաստակում, քան իրենց՝ աթոռին մշտապես նստած գործընկերները:
• Դպրոցում սիրված լինելը: ԱՄՆ-ի Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի ուսումնասիրության տվյալների համաձայն՝ դպրոցում առաջատար և սիրված աշակերտների առաջին հնգյակը 4 տասնամյակ հետո վաստակում է 10 տոկոսով ավել, քան իրենց հաջորդող հինգ աշակերտները:
• Ամուսնության ժամանակը: National Marriage Project-ի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ կրթություն ստացած կանայք, ամուսնանալով 30 տարեկանից հետո, ավելի են վաստակում, մինչդեռ տղամարդկանց դեպքում հակառակն է. ավելի վաղ տարիքում ամուսնացող տղամարդիկ ավելի մեծ եկամուտներ են ունենում:
• Սեռը: Սովորաբար տղամարդիկ ավելի շատ են վաստակում, քան կանայք: Այս գործոնը ազդեցիկ է նաև այն ոլորտներում, որտեղ գերիշխում են կանայք:
• Օրիորդական ազգանունը պահպանելը: Նիդեռլանդներում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր ամուսնությունից հետո պահպանում են իրենց օրիորդական ազգանունները, ենթադրաբար, ավելի խելացի են, նպատակասլաց և անկախ: Ըստ այդմ՝ նրանց են բաժին ընկնում առաջխաղացման հնարավորությունները:
• Կանացի աղջիկներ: Բրիտանական հետազոտության համաձայն՝ կանացի հատկանիշներն օգնում են աղջիկներին առաջ գնալ աշխատանքում:
• Արտաքին տեսքը: Տեխասի համալսարանի տնտեսագիտության դասախոսի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարետես արտաքին ունեցող մարդիկ վաստակում են 3-4 տոկոսով ավելի: Ողջ կյանքի ընթացքում զարգացած երկրի պայմաններում այդ գումարը կազմում է մոտ 230,000 դոլար:
• Բանակցություններ վարելը: Հարվարդի դպրոցի հետազոտությունների արդյունքները պարզել են, որ աշխատավարձի բարձրացման մասին բանակցություններ վարելիս տղամարդիկ ավելի հաստատակամ են թվում, քան կանայք: Սակայն հետազոտողները պարզել են, որ կանայք կարող են դրական արդյունքի հասնել, եթե իրենց շահերը ներկայացնեն ընկերության շահերին համահունչ:
• Շիկահերները: Ավստրալիական հետազոտությունները պարզել են, որ շիկահեր կանայք վաստակում են 7 տոկոսով ավելի գումար, քան այլ գույնի մազեր ունեցող կանայք:
Սրանք այն գործոններն էին, որոնք մշակվել էին հետազոտությունների արդյունքում, սակայն աղբյուրը նշում է, որ դրանք հարաբերական են և միշտ չէ, որ համընկնում են իրականության հետ: