«Սերգեյ Փարաջանովի թանգարանը չի մասնակցի վաղը կայանալիք Թանգարանների միջազգային օրվան: Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դա անիմաստ բան է, և ինքը արդեն ՀՀ մշակույթի նախարարությանը տեղյակ է պահել թանգարանի որոշման մասին»-գրում է tert.am-ը:
«Աշխատողների թիվը սահմանափակ է, նրանք ամեն օր աշխատում են ու նույն օրն էլ առավոտից մինչև հինգը աշխատելու են, հետո էդ մարդիկ ո՞նց աշխատեն մինչև գիշեր: Դրա համար մենք չենք աշխատելու, մանավանդ, որ մենք չունենք այցելուի խնդիր: Անցած տարի 4000 մարդ ենք ընդունել Թանգարանների միջազգային օրը: Նրանք չեն էլ հասցնում նայել, ուղղակի վազելով անցնում են։ Անցած տարի էլ մի բան մտցրեցին, թե ով ինչքան շատ թանգարան կգնա. դարձավ սպորտ, բայց այդպես չի կարելի»,- ասաց նա:
Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը ծիծաղով նշեց, որ եթե իմանար, որ Զավեն Սարգսյանը հրաժարվել է մասնակցել ինքն էլ կհրաժարվեր: Նա նշեց, որ իր համար վիրավորական է հատկապես այն, որ այդ օրը թանգարանն աշխատում է անվճար:
«Կարծես մարդիկ ամբողջ տարի սպասում են այս օրվան, որ գնան թանգարան: Դեմ չեմ էդ գիշեր-ցերեկ տոնին, բայց միայն այդ օրը այնքան մարդ է գալիս, որոնք կարող էին սովորական օրերին մի քանի հարյուր դրամ վճարել ու մտնել թանգարան»,- ասաց նա:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենը նաև նշեց տոնի դրական կողմերը. ըստ նրա՝ հասարակությունը, վերջապես, սովորեց թանգարանների ճանապարհը: