21-րդ դարում, երբ կինն ազատագրված է հասարակական շատ կապանքներից, չկան այլևս նրա իրավունքները, ինքնադրսևորումն ու կամարտահայտումը կաշկանդող շատուշատ խոչընդոտներ, միևնույնն է, կինը շարունակում է մնալ այն առեղծվածային, երբեմն' անբացատրելի էակը, որին վաղնջական ժամանակներից գովերգել ու այսօր էլ գովերգում են բանաստեղծներն ու արվեստագետները, նրա խորհրդավորությունը փորձում գաղտնազերծել իմաստասերները:

Հաճախ ասում են' կինն էլ չի հասկանում, թե իրականում ինքն ինչ է ցանկանում: Սակայն կնոջ առեղծվածը հասկանալու համար պետք է գիտակցել միայն մի պարզ ճշմարտություն. կինը մշտապես սիրո, հարգանքի ու փոխըմբռնման կարիք ունի տարին տասներկու ամիս: Որքան էլ կնոջը վերագրվեն ճակատագրական, նույնիսկ' պատմական որոշ իրադարձություններում ունեցած լուրջ դերակատարումները, կնոջ հիմնական, եթե ոչ եզակի առաքելությունը մայրանալն է, երջանիկ ընտանիք ունենալը:
Կինը տղամարդուց տարբերվում է իր հոգեբանությամբ, նյարդային համակարգով, զգացմունքներով, իր դերակատարությամբ, որը դրսևորվում է ընտանիքում և հասարակության մեջ: Կանայք հնազանդ են, հուզական, հարմարվող և քնքուշ: Նրանք պատասխանատվություն են կրում երեխաների դաստիարակության և տնային տնտեսություն վարելու համար, իսկ տղամարդիկ ավելի հեղինակավոր և պատասխանատու դիրք ունեն հասարակական կյանքում: Իզուր չէ, որ, ի տարբերություն տղամարդու, ում վերապահված է «գլխի» գործառույթը, կնոջը բաժին է հասել «պարանոցի» կարևորագույն «դերը»' անձնային, ինչպես նաև' հասարակական ընկալման բոլոր դրսևորումներով:

 

Յուրաքանչյուր կին ցանկանում է ամուսնանալ և երեխաներ ունենալ, իսկ մնացած հետաքրքրությունները, որ նա կարող է ունենալ' երկրորդական են: Սակայն, չգիտես ինչու, տղամարդիկ այսօր կնոջ մեջ միայն մրցակից են տեսնում' անտեսելով կամ մոռանալով նրա հիմնական առաքելությունն այս կյանքում: Կնոջ մեջ մրցակից տեսնելու կարծրատիպն ու թյուրընկալումն է, որ տղամարդիկ վախենում են կնոջը տեսնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, կառավարումը, խոշոր բիզնեսը: Այդ արգելքի միակ «արդարացումն» այն է, որ կինն այդ ոլորտներում կորցնում է կանացիությունը: Ասում են' թուլությունը կնոջ ուժն է: Սակայն արդյոք խոսքը ֆիզիկակա՞ն թուլության մասին է. կարծում եմ' ոչ: Այն ամփոփում է նաև կնոջ գեղեցկությունը, զգացմունքայնությունը, քնքշությունն ու նազանքը, կոկիկությունը, խնամված լինելն ու նրբակիրթ շարժուձևը: Մասնագետները կարծում են' տղամարդը նորմա է, իսկ կինը' շեղում նորմայից:

 

Ժամանակակից հասարակության սոցիալ-տնտեսական կարիքները, դառնալով կանանց կրթման նախադրյալներից մեկը, նրանց դուրս մղեցին ընտանեկան պարտականությունների նեղ շրջանից, և այսօր կանայք ոչ միայն գրագետ են, այլև ակտիվ մասնակցում են հասարակական-քաղաքական կյանքի իրադարձություններին: Միաժամանակ կինն է պատասխանատու ընտանիքում ջերմ ու ներդաշնակ մթնոլորտի, երեխաների դաստիարակության չափազանց կարևոր գործի համար, իսկ դրա անթերի կատարման համար կնոջն ուղղակի սեր և ուշադրություն է հարկավոր, ոչ միայն կանանց միամսյակին, այլև տարին բոլոր:
Սիրեք և սիրված եղեք, կանա՛յք: