Սանկտ Պետերբուրգի ակադեմիական ֆիլհարմոնիայում մայիսի 1-ին խաչատրյանական երաժշտության իսկական տոն էր: Լեփ-լեցուն դահլիճում քաղաքի երաժշտասեր հասարակության համար կատարվեցին ինչպես հատվածներ կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործություններից, այնպես էլ ավելի հազվագյուտ հնչող թավջութակի կոնցերտը:
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված այս համերգը կազմակերպել էին Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ընկերակցությունն ու քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը:
"Գիտեք, թե որքան է ռուս հասարակությունը սիրում Արամ Խաչատրյանի երաժշտությունը, շատ լավ ծանոթ է: Մեզ համար նաեւ շատ կարեւոր է, որ պետք է միշտ երաժշտասեր հասարակությանը հիշեցնել մեր կոմպոզիտորների մասին, եւ եթե նկատել եք, Պետերբուրգում տարբեր համերգների ժամանակ հնչում է թե՛ Արամ Խաչատրյանի երաժշտությունը, այդ թվում՝ հայ երաժիշտների կատարմամաբ, թե՛ Էդվարդ Միրզոյանի եւ թե՛ Ալեքսանդր Հարությունյանի: Այսինքն կարեւոր խնդիր է մեր հայ դասական երաժշտությունը ներկայացնելը",- ասաց Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը։
Մայիսի 1-ին լրացավ նաեւ մեծ կոմպոզիտորի մահվան 35-րդ տարելիցը: Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ընկերակցության նախագահ Բորիս Բերեզովսկին պատմում է, ինչպես է կատարվել հոբելյանական համերգի ժամանակ հնչած ստեղծագործությունների ընտրությունը:
"Խաչատրյանը մինչեւ կոմպոզիտոր դառնալը թավջութակահար է եղել, ուստի հայտնի երաժիշտ Դմիտրի Կոուզովին խնդրեցինք կատարել նրա թավջութակի կոնցերտը: "Դիմակահանդես" ներկայացումից հանրահայտ վալսը նրա յուրահատուկ այցեքարտն է: Հետո, իհարկե, "Սպարտակ" եւ "Գայանե", էլ ի՞նչ կարող էինք տեղավորել մեկ համերգում, թեեւ Խաչատրյանն այնքան հանճարեղ ստեղծագործություններ ունի",- ասաց Բերեզովսկին:
Խաչատրյանական այս ընտրանիով հագեցած երկու ժամանոց ծրագիրը փայլուն կատարեց Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: