Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանը պաշտոնապես հայտարարել է, որ այս ամառ կթողարկի երկու ալբոմ: Հունիսի 25-ին կթողարկվի առաջինը'Orca խորագիրը կրող ալբոմը, որը համարվել է «Թանգյանի առաջին իսկական սիմֆոնիան»: Իսկ երգչի' Jazz-iz-Christ երաժշտական ծրագրի շրջանակներում ձայնագրված երկրորդ ալբոմը նախատեսվում է թողարկել հուլիսի 23-ին:
Orca-ն ձայնագրվել է Ավստրիայում 2012թ. հոկտեմբերին: Ալբոմում հնչելու են 20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործությունները' միաձուլված ժամանակակից ֆիլմի կոմպոզիցիոն դինամիկային: Ինչ վերաբերում է մի շարք հայտնի երաժիշտների հետ համատեղ ջանքերով ստեղծված Jazz-iz-Christ ալբոմին, այն բաղկացած է 13 երգերից, որոնք կրում են էլեկտրոնային երաժշտության, ավանդական ջազի էլեմտներ, նաև' ոչ ավանդական ջազային տարրեր:
Սերժ Թանգյանի հետ համատեղ ալբոմի վրա աշխատել են տաղանդավոր հրավիրված երաժիշտներ: Ալբոմը հիմնականում գործիքային կատարումներ է պարունակում և 3 երգ' Սերժ Թանգյանի վոկալ կատարմամբ: Դաշնակահար Տիգրան Համասյանի նվագակցությամբ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը, որը կթողարկվի Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում և որը նվիրված է Հայաստանում փոփոխությունների համար պայքարողներին։ Վոկալիստը նաև պատրաստվում է սեպտեմբեր-հոկտեմբերին համերգներով հանդես գալ Ռուսաստանի և Իտալիայի ինը քաղաքում: