Այն, որ ամառն ավարտվում է, դեռևս հսկողությունը սեփական մարմնի նկատմամբ թուլացնելու առիթ չէ: Պետք է շարունակենք մեր մարմինը խնամված պահել. չէ՞ որ արձակուրդներին հաջորդում են աշխատանքային օրերը, նոր հանդիպումները, որոնց ժամանակ ևս պետք է անթերի լինել: Այնպես որ օգոստոսն իսկական ժամանակն է մարզվելու: Սկսենք ձեռքերից և խոսենք մի շարք վարժությունների մասին, որոնք կամրացնեն ձեր ձեռքերի մկանները և միևնույն ժամանակ կանացի կդարձնեն դրանք:
Նախքան բարդ վարժություններին անցնելը հիշեք դպրոցը, մասնավորապես, ֆիզկուլտուրայի դասերը և կատարեք մի քանի րոպե տևող նախավարժանք, ասենք օրինակ, կողպեքի մեջ առեք ձեռքերի ափերն ու պտտեք դաստակները: Այժմ կարող ենք անցնել բուն վարժություններին:
Վարժություն 1
Կանգնեք ուղիղ: Ոտքերը' ուսերի լայնությամբ: Ձեռքերով օղակ ստացեք Ձեր դիմաց' արմունկում չծալելով: Ուշադրություն դարձրեք մատներին, երկու ձեռքերի մատները պետք է սեղմվեն իրար, բայց միայն մատները, այլ ոչ թե ողջ ափը: Սեղմեք իրար հնարավորինս ուժգին և մեծ շունչ վերցրեք քթով, ապա արտաշնչեք բերանով: Պահեք շնչառությունը' հաշվելով մինչև 8-ը: Կրկնեք 3 անգամ:
Վարժություն 2
Կանգնեք ուղիղ, ոտքերը' ուսերի լայնությամբ և թեթևակի ծալված ծնկներում: Ձեռքերով հենվեք ոտքերի' ծնկներից փոքր- ինչ բարձր հատվածին: Նայեք ուղիղ Ձեր դիմացը: Արտաշնչեք ողջ օդը թոքերից բերանով և մեծ շունչ վերցրեք քթով: Հետո նորից արտաշնչեք' ձգելով որովայնի մկանները: Պահեք շնչառությունը 8-12 վայրկյան: Շունչ վերցրեք: Ձեռքերը կողպեքի մեջ առեք մեջքի հետևում և իջեցրեք գլուխը դեպի ոտքերը: Մաքսիմալ վեր ձգվեք հետևում կողպեքված ձեռքերի հաշվին: Զգացեք, թե ինչպես են ձգվում ձեռքերի մկանները: Մնացեք այդ դիրքում 10 վայրկյան, հետ եկեք նախնական դիրք, արտաշնչեք:
Վարժություն 3
Սկզբի համար 1 կգ ծանրությամբ հանտելներ վերցրեք: Կանգնեք ուղիղ, ոտքերը' ուսերի լայնությամբ: Բարձրացրեք ու արմունկում ծալեք ձեռքերն այնպես, որ հանտելները հայտնվեն դեմքի մոտ: Շունչ վերցրեք, իսկ արտաշնչելուն զուգահեռ ձեռքերը վեր բարձրացրեք և ուղղեք արմունկը: Կրկնեք վարժությունը նախ 3 անգամ, հետո'5, ապա'10, և վերջում' 15 անգամ:
Վարժություն 4
Կանգնեք ուղիղ' կպցնելով կրունկները: Ուսերը թույլ թողեք և ողջ մարմնով ձգվեք վեր: Ձեռքերը կողմ տարեք' բարձրացնելով մինչև ուսերի սահմանը: Դաստակը ծալեք այնպես, որ ձեռքի ափն ու ձեռքը կազմեն 90 աստիճանի անկյուն: Առանց ուսերը շարժելու պտտեք ձեռքերը 8 անգամ առաջ և 8 անգամ հետ:
Վարժություն 5
Եվ լավագույն վարժությունը ձեռքերի մեջքի ու կրծքի մկանների համար կքահրումն է գետնից: Սա մի քիչ առնական վարժություն է և ծանրաբեռնվածությունը կրճատելու համար կարող եք թեթևակի ծալել ծնկները: Սկսեք կատարել վարժությունը 8-10 անգամ և աստիճանաբար հասցրեք կքահրումների թիվը 20-30-ի: