Այսօր իր ծննդյան 43 ամյակն է նշում «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն, Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը: ArmStar.am-ին հաջողվեց կապ հաստատել նրա հետ, շնորհավորել և զրուցել: Մեզ հետաքրքրեց, թե Կարեն Ղազարյանը, լինելով Հայաստանի լավագույն պրոդյուսերներից մեկը, ինչպես է կազմակերպում իր ծննդյան և առհասարակ ընտանեկան առիթները, ինչին ի պատասխան նա նշեց, որ իր կյանքի կարևոր բոլոր առիթները նախընտրում է նշել նեղ ընտանեկան միջավայրում. «Ես աշխատում եմ առիթները նշել ընտանիքի, ամենամտերիմ ընկերների և հարազատների հետ: Այդ օրը կարևոր է ստանալ ջերմություն, ինչը լայն մասսաներում չես կարող գտնել»:
Մեր այն հարցին, թե արդյոք նա իր ծննդյան օրն ամփոփում է տարին, կամ այն նրա համար խորհրդանշում է ինչ որ ժամանակաշրջանի ավարտ, կամ միգուցե սկիզբ, հոբելյարը պատասխանեց. «Այս օրն ինձ համար ոչ սկիզբ է, ոչ ավարտ, պարզապես մտաբերում ես թե ինչ ձեռքբերումներ ունեցար և ինչի դեռ պետք է հասնես կամ ձեռք բերես, հիշում ես քո արած և չարած գործերը, իսկ անավարտ գործեր միշտ լինում է բոլորի մոտ»:
Մենք հետաքրքրվեցինք նաև թե ինչ նպատակներ և ցանկություններ ունի Կարեն Ղազարյանը: Պարզեցինք, որ նրա մեծ ցանկությունն է, որ իր հարազատներն ու ընկերներն ունենան ամուր առողջություն, իսկ «Շարմ Հոլդինգը» բարգավաճի:
Կարեն Ղազարյանն ունի 3 հրաշք երեխա' մեկ տղա և զույգ աղջիկ: Մեզ հետ զրույցում պրոդյուսերը պատմեց, որ տղան հաճախում է դպրոց, արդեն երկրորդ դասարանում է սովորում, իսկ աղջիկները երկու տարեկան են:
Մեր այն հարցին, թե ինչ նվեր կարող է այսօր իրեն ուրախացնել, նա անկեղծորեն ասաց. «Այն, ինչ կնվիրեն ինձ իմ երեխաները»:
ArmStar.am-ը շնորհավորում է Կարեն Ղազարյանին և մաղթում առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններ: